Նիցցայի հոգևոր տունը կողոպտողը մի անձ է, որ հաշտության հետ համաձայն չէ․ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ

23:26 • 09.03.18

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ ոչ թե Նիցցայի եկեղեցու կողպեքն են գողացել, ինչպես տարածվել է լրատվամիջոցներով, այլ Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանի տունը, որը եկեղեցու կողքին է, կողոպտել են:

Նա հիշատակեց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին արդեն տասը տարի է՝ կարգալույծ արված հոգևորականների հսկողության տակ է, հայ առաքելական եկեղեցու հոգևորականները այդ եկեղեցու բանալին չունեն:

«Տեր Գրիգորը հիմա թեմի ընդհանուր փոխանորդն է, միշտ չէ, որ Նիցցայում է լինում: Երկու օր առաջ լուր հասավ, որ նրա տունը կողոպտել են, ինքը մտահոգ գնաց այստեղից: Պարզվեց՝ ճիշտ է: Ես էլ նրան ասացի, որ ոստիկանություն կանչի, և երկուշաբթի առավոտ դատարան է լինելու, պետք է տեսնենք՝ ով է, ինչու՞ է նման բան արել: Բացի տնից նաև նրան փոստն են կողոպտել,- պատմեց նա՝ հավելելով, որ հիմա շատ բան ասել չեն կարող, չգիտեն, թե ինչ է եղել,- անշուշտ կասկածներ կան, որ այդ նույն խառնիչ խումբն է արել, որ տասը տարուց ավելի է եկեղեցուն է տիրացել: Շատ կասկածներ կան, բայց չենք կարող խոսել: Դատարանում ամեն ինչ կպարզվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանին:  «Վերջին անգամ, երբ վերադարձա Նիցցա, տեսա, որ բոլոր դռների փականները փոխել են, և ես չեմ կարողանում մտնել հովվատուն: Դրանից առաջ ես Նիցցայից լուրեր ստացա, որ կարգալույծ հայտարարվածները լուրեր են տարածում, թե իբր նորից դիմել են դատարան, շահել են դատը և իրավունք են ստացել մտել են հովվատուն: Գալուս օրը՝ երեկոյան, հավաքվել էինք դարպասների մոտ՝ մեր հավատացյալներից 50-60 հոգի ինձ հետ միասին, իսկ ես գիշերեցի փողոցում՝ եկեղեցու մոտ»,-Tert.am-ի հետ զրույցում պատմել էր նա:

Վահան սրբազանը ներկայացրեց, որ իրենք բանակցել են հայ ժողովրդի այն ներկայացուցիչների հետ, որոնք անցել են կարգալույծ արված հոգևորականների խմբի մեջ։

«Մեզ հետ կապի մեջ են նրանք: Ես մոտեցել եմ նրանց ընտրվելուցս հետո, ցանկացա իրավիճակը շտկել, համերաշխ հանգրվանին հասնել,- ասաց նա՝ նշելով, որ ինքն ու այդ մարդիկ համոզված են, որ պառակտումը հիմա որ կա, պետք է վերանա,- այդ երկխոսությունը հիմա շարունակվում է: Մենք անցյալ հինգշաբթի ժողով ենք արել, որոշել ենք, որ երկու կողմ պետք է լինի և՛ մեր, և՛ իրենց կողմից մարդիկ պետք է լինեն, որ հաջորդ քայլերն անենք դեպի հաշտություն և միացում»:

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի խոսքով՝  այս տասը տարիների ընթացքում կարգալույծ արված  և հայ առաքելական եկեղեցու հոգևորականների շուրջը համախմբված մարդիկ միմյանցից  վիրավորված են եղել, իրար դեմ մամուլում բաներ են գրել:

«Այս տասը տարվա վիրավորական վիճակը չես կարող վերացնել մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում: Բայց մեծ քայլեր ենք արել: Նրանց հետ խոսելը, հաշտության մասին խոսելը  երեք տարի առաջ անկարելի էր: Հիմա քայլերի ցուցակ ունենք, թե ինչ պետք է անենք, և երկու կողմերն են համաձայն են: Դրական քայլերի վրա պետք է կենտրոնանանք: Ես դեռ հույս ունեմ, որ  այս հարցը լուծման կհասնի»,- ասաց նա՝ նշելով, որ հաշտությունը ենթադրում է Սուրբ Աստվածածին եկեղեցու վերադարձ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին,- բարերարներն այն կառուցել են մեր եկեղեցու համար, ոչ թե աղանդի կամ կարգալույծ արված քահանայի համար: Եթե մենք զգացինք, որ իրենք լուրջ չեն տրամադրված հաշտությանը, մենք շարունակելու ենք դատական գործընթացը: Դատի հաղթանակը մերն է: Բարերարներն այդ եկեղեցին կառուցել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար»:

Թե ինչու են կողոպտել հայր Գրիգորի տունը, Վահան սրբազանը պատասխան չուներ, ասաց՝ դատարանը կպարզի: «Ինձ համար տրամաբանական չէ, որ նույն խումբը, որ մեզ ասում է՝ եկեք հաշտվենք, խոսենք, անցյալի վերքերը բուժենք, պիտի փորձի քահանայի  տունը կողոպտել: Նորից եմ ասում՝ պատճառը չգիտեմ, երանի իմանայի: Կսպասենք՝ երկուշաբթի օրը ինչ կլինի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարծես տեր Գրիգորը վստահ է, որ տունը կողոպտողները կարգալույծ եղած հոգևորականներն են եղել, Վահան սրբազանը պատասխանեց․ «Կարգալույծ արված հոգևորականն այնտեղ չեն լինում: Նա տոնական օրերին գալիս է եկեղեցի, պատարագ անում և գնում: Անկարելի է, որ ինքը արած լինի դա: Բայց նրա  շուրջ մարդիկ կան, որ հարցեր ունեն նախաձեռնված հաշտության հետ: Հիմա և՛ մեր կողմից, և՛ մյուս կողմից մարդիկ կան, որ  չեն ուզում, որ հաշտություն լինի:  Մեր կողմից էլ մարդիկ կան, որ շատ վիրավորված են և չեն ցանկանում հաշտվել նրանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրանց՝ հաշտության համար, խոչընդոտներ են գտնում․ նամակներ են գրում, մամուլի ուշադրությունն են հրավիրում, թե նրանք մեզ հայհոյում են: Հետևաբար` տունը կողոպտողը  մի անձ է, որ հաշտության հետ համաձայն չէ, մեկն է, որ ուզում է աղմուկ հանել՝ այս քայլերին հակառակ: Սպասենք երկուշաբթի օրվան, տեսնենք՝ դատը ինչ կպարզի: Ուրիշ պատճառ էլ կարող է լինել՝ գուցե տանը հրդեհ է բռնկվել, նրանք բանալին չեն ունեցել, հանգեցրել են, հետո կողպել դուռը: Ես իրենց հետ էլ եմ կապվել (նկատի ունի  մյուս թևի հետ-Հ ․ Հ․), շատ հանգիստ պատասխանել են, որ կպարզեն՝ ինչ է եղել»:

Վահան Սրբազանի խոսքով՝ եթե պարզվի, որ նույն խումբը, որ իրենց հետ նստում, հաշտության համար բանակցություններ է տանում, հայ Գրիգորի  տունն է կողոպտել, ինչը, ըստ Վահան սրբազանի, անտրամաբանական է, նշանակում է, որ նրանք իրենց շահը չեն հասկանում:

«Այդ դեպքում մենք կշարունակենք դատարանով մեր շահերը պաշտպանել, մեր քայլերը շարունակել: Մենք որևէ վնաս չունենք: Միակ վնասը, որ կա, որպես սրբազան եմ ասում՝ մեր զավակների պառակտումն է: Մեր ժողովուրդն է, ոչ թե եկեղեցին, որ պառակտված է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիցցայում  հայ համայնքը պառակտվեց, քանի որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը և սկսեց չճանաչել թեմի իշխանությանը: