Հարձակվեցին ընտանիքիս վրա, հորեղբորս որդու գլուխն էլ ջարդեցին. ծեծել են Ողջաբերդի համայնքապետին և նրա ընտանիքին, մեկ մարդ հոսպիտալացվել է
Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքապետ Նորայր Մելքոնյանին ծեծի են ենթարկել: Ծեծել են նաև նրա որդուն, կնոջը,ինչպես նաև հորեղբոր որդուն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ողջաբերդի համայնքապետ Նորայր Մելքոնյանը` հաստատելով Shamshyan.com կայքի տեղեկությունը։
Հարցին, թե ինչու է ծեծկռտուք տեղի ունեցել, համայնքապետն ասաց, որ ի պաշտոնե թույլ չի տվել հողատարածքն օգտագործել, ցանկապատել, ինչն էլ վեճի առիթ է դարձել.
«Համայնքի բնակիչներ են հարձակվողները, վատ հարաբերություններ չունեինք իրար հետ, պարզապես ես թույլ չեմ տվել հողակտորն օգտագործեն: Ասել եմ՝ չի կարելի»:
Համայնքապետն ասաց, որ բացի իր ընտանիքի անդամներից, հարձակման է ենթարկվել նաև իր հորեղբոր տղան.
«Ճանապարհին հարձակվել են նաև հորեղբորս որդու վրա, մետաղե ձողերով հարվածել են ու գլուխը ջարդել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրակապել են, գլուխը կարել են»:
Համայնքապետն ասաց, որ հարձակման վերաբերյալ դիմել է ոստիկանություն, բացի հարձակումից ջարդել են նաև իրենց պատկանող մեքենան:










