Եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունը ճանաչի ալևիների և հայերի ցեղասպանությունները. Է. Կլիչկայա (տեսանյութ)

14:26 • 09.03.18

Ֆրանսիայի ալևիների միավորումների ֆեդերացիայի ջանքերով Հայաստան են ժամանել Եվրոպայում բնակվող ալևիների կառույցների ներկայացուցիչները:

Այսօր հրավիրված ասուլիսին Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայի ալևիների միավորումների ֆեդերացիայի նախագահ Էլդար Կլիչկայան հայտարարեց, որ եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունները, այդ թվում և՛ հայերի, և՛ ալևիների, ինչի համար պետք է միավորեն աշխարհասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը:

Էլդար Կլիչկայան հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իրենք հռչակագիր էին հրապարակել: Այսօր արդեն պաշտոնական այցով Երևանում են, այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակին:

Էլդար Կլիչկայան նշեց, թե հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաև ազգային փոքրամասնությունների, քուրդ, եզդի, ասորի պատգամավորների, ուսանողների հետ: Ըստ նրա, այցերից եզրակացրել են, որ ո՛չ հայերն են բավականաչափ ճանաչում ալևիներին, ո՛չ էլ ալևիները հայերին, այն դեպքում, երբ հարյուրավոր տարիներ ապրել են կողք կողքի, նույն արևի տակ:

«Դարեր շարունակ Անատոլիայի ժողովուրդն ապրել է միևնույն ճակատագրով: Նրանց սնել է նույն հողը, նույն օդն են շնչել, նրանց գլխավերևում նույն արևն է շողացել. չնայած ալևիների, հայերի, քրդերի, հույների, ասորաքաղկեդոնացիների այս ներդաշնակությանը, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության այս դրսևորումները ամենադաժան մեթոդներով իրականացվող ձուլման քաղաքականության միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով ու արյամբ»,-հայտարարության տեքստն ընթերցեց Էլդար Կլիչկայան՝ հավելելով, որ իրենք այս այցով վճարում են այն պարտքը, որ ունեն Հրանտ Դինքի և հարյուրավոր հայերի հիշատակի առաջ:

Ըստ նրա, երբ թուրք զինվորները սպանում էին հայերին ու արտաքսում, ալևիները արել են հնարավորը նրանց օգնելու համար: «Մենք նրանց չէինք հանձնում դահիճներին: Բայց դժբախտաբար մեզ չհաջողվեց փրկել բոլորին և կանխել Հայոց ցեղասպանությունը: Կիսում ենք մեր հայ եղբայրների տառապանքը»,-ասաց նա և հավելեց, թե Հայոց ցեղասպանությունից հետո հաջորդն արդեն իրենց հերթն էր:

Ֆրանսահայ Կորյուն Նահապետյանը նշեց, թե Հրանտ Դինքի մահից հետո ձևավորվել է նախաձեռնություն և սկսել են աշխատել դեմոկրատ թուրքերի հետ, նաև թուրքական կառավարության քաղաքականությունից տուժած այլ ազգի ներկայացուցիչների հետ և այդ շրջանակում նաև հանդիպել և համագործակցել են ալևիների հետ:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ Արագած Ախոյանը հիշեցրեց իրենց այցերը Արևմտյան Հայաստան և բազմաշերտ հասարակության հետ համագործակցության եզրեր փնտրելու քաղաքականությունը, որի շրջանակներում առաջին շփումը եղել է հենց ալևիների հետ:

«Մշակութային ծրագրեր սկսեցինք իրականացնել, որոնք արդեն հասել են Եվրոպա»,-ասաց նա և տեղեկացրեց, որ եթե 2 մլն ալևիներ այսօր ապրում են Եվրոպայում, ապա 20 մլն-ը ապրում է Թուրքիայում:

«Փաստորեն սկսում է մի նոր հիմք, գործունեության նոր շրջանակներ, որտեղ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները վերագտնում են իրար և փորձում լուծումներ գտնել միասին: Նրանք միևնույն գործիքի կողմից են տուժել, դա թուրքական ազգայնամոլությունն է»,-ասաց նա:

Արագած Ախոյանը մեջբերեց Էլդար Կլիչկայայի խոսքերը, որ եթե հայերը հարյուր տարի առաջ նախաճաշն էին, ապա ալևիները դարձան ճաշ՝ ալևիների կոտորածը տեղի է ունեցել 37-38թթ-ին: