Ամուսիններն ԱՄՆ-ում խանութից վարսակի փաթիլներ են գնել, որի ժամկետը սպառվել է 1997-ին
ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող ընտանիքը, խանութից վարսակի փաթիլներ գնելով, չի նայել տուփի վրա նշված սպառման ժամկետը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, այդ ամսաթվին Կառլեսներն ուշադրություն են դարձրել միայն նախաճաշը պատրաստելուց հետո և նկատել են, որ տուփի վրա նշված սպառման ժամկետը 1997-ի փետրվարն է:
Գնումը նրանք կատարել են մարտի 5-ին Walmart խանութների ցանցից՝ չմտածելով անգամ, որ անցյալ դարին պատկանող «ուտելի մասունք» են ձեռք բերել:
«Ես սկսեցի ուտել և մտածեցի, որ այն ծիծաղելի համ ունի, բայց այն նորմալ էր թվում», - ասել է ամուսինը՝ նշելով, որ կերել է ամանի ողջ պարունակությունը: Սակայն նրա կինը մեկ-երկու գդալ ուտելուց հետո որոշել է ստուգել սպառման ժամկետը:
Թե ինչպես է նախորդ դարից եկած ժամկետն անց տուփը հայտնվել Walmart-ում, հայտնի չէ, սակայն լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան մանրածախ վաճառքի հսկան նշել է, որ կհետաքննի այդ դեպքը:










