Մինչ Ադրբեջանում և ՀՀ-ում կայանալիք ընտրությունները սահմանին սրացում չի լինի, բայց դրանցից հետո չի բացառվում՝ խոշոր գործողություններ լինեն. Տ. Հովհաննիսյան
Մինչ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք ընտրությունները դժվար թե սահմանին սրացում լինի, բայց ընտրություններից հետո չի բացառվում, որ դիվերսիաներ, ավելի խոշորամասշտաբ գործողություններ լինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվի իրենց ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ նրանք ներքին խնդիրները փորձում են փակել ռազմական գործողություններով, հռետորաբանությամբ»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են նշանակվել ապրիլի 11-ին, իսկ Հայաստանում ապրիլի 16-ից հետո ԱԺ առաջին նիստում վարչապետ է ընտրվելու:
- Մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ, որին մասնակցելու է շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զրահատեխնիկա: Այս զորավարժությունները հերթակա՞նն են, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ վտանգներ կան:
- Ադրբեջանի զինված ուժերը նմանատիպ զորավարժություններ վերջին տարիներին մշտապես անում են: Մասնավորապես, եթե առանձնացնենք 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո անցկացված զորավարժությունները, ապա մինչև այդ տարվա վերջ երկու խոշոր զորավարժություն է անցկացվել, ըստ որում, 2016 թ.-ի նոյեմբերի զորավարժությանը նշվում էր, որ մինչև 60 հազար զինծառայող է մասնակցել: Այսինքն՝ ըստ էության՝ Ադրբեջանի գրեթե ամբողջ բանակը: Այստեղ, իհարկե, բարդ է հաշվարկներ անել՝ ինչ նկատի ունեն այդքան զինծառայողի մասնակցություն ասելով, միգուցե որոշները տեղերում իրենց ստորաբաժանումներում ինչ-որ վարժանքներ են անում, և դա ևս հաշվարկվում է: Այսինքն՝ այս դեպքում էլ հայտարարված թիվը չի ենթադրում, որ 25 հազար զինծառայող մեկ վարժարանում միևնույն ժամանակ վարժանքներ է իրականացնելու: Այստեղ ներգրավվելու են նաև ռազմածովային ուժերը, նաև այլ ստորաբաժանումներ, ավիացիան է ներգրավվելու, և տեղերում ևս: 2017 թ.-ի ընթացքում էլ 3-4 նմանատիպ զորավարժություններ իրականացվեցին՝ 10 հազարից մինչև 25-30 հազար զինծառայողներ մասնակցում էին: Հետաքրքիր է այն փաստը, որ 2016 թ.-ի պատերազմից հետո Ադրբեջանի հիմնական հատվածում զորավարժությունները հարձակվողական բնույթի էին, իսկ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում՝ հակահարձակվողական բնույթի: Այս անգամ զորավարժությունն առանձնանում է նրանով, որ ամբողջությամբ այն հակահարձակվողական բնույթի է:
- Ինչի՞ մասին է խոսում, որ Ադրբեջանը զորավարժությունների սցենարը հարձակվողականից հակահարձակվողականի է փոխում: Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքականություն է փոխվել:
- 2016 թ.-ի ապրիլից հետո իրենք փորձում են տարբեր մարտավարություններ մշակել, ինչպես և հայկական կողմը: Հասկանալի է, եղավ խոշոր ռազմական գործողություն, և որոշակի խնդիրներ ի հայտ եկան գործողությունների ընթացքում, որոնք, բնականաբար, պետք է փորձել հարթել զորավարժությունների միջոցով, մշակել ավելի սահուն գործողություններ, ինչն էլ իրենք փորձում են անել: Այս անգամ էլ դիտարկում են այն սցենարը, որ եթե հայկական կողմն անցնի հարձակվողական գործողությունների, որոշակի կարևոր դիրքեր վերցնի իրենցից, իրենք ինչպես պետք է իրենց գործողությունները դասավորեն: Այսինքն՝ իրենք այս սցենարին ևս պատրաստվում են: Ինչ վերաբերում է քաղաքականության փոփոխությանը, ապա վերջին տարիներին Ադրբեջանի գործողություններում, հռետորաբանությունում քաղաքականության արմատական փոփոխություն չի նկատվում: Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվի իրենց ագրեսիվ քաղաքականությունից, քանի որ դա իրենց հիմնական խաղաթուղթն է՝ նաև ներքին լսարանի վրա ճնշումներ գործադրելու համար: Ադրբեջանը ներքին խնդիրները փորձում է փակել ռազմական գործողություններով, հռետորաբանությամբ: Այդ քաղաքականությունն այնքան է խորացել, որ այս պահին դժվար է պատկերացնել, որ իրենք կգնան ինչ-որ արմատական փոփոխությունների:
- Ադրբեջանում և Հայաստանում առաջիկայում՝ մոտ մեկ ամսից, ընտրություններ են տեղի ունենալու. Ադրբեջանում՝ նախագահական, Հայաստանում՝ վարչապետի: Նախընտրական շրջանում և ընտրություններից հետո սահմանային լարվածության մեծացում կանխատեսո՞ւմ եք:
- Իրականում բարդ է կանխատեսումներ անելը, որովհետև վերջին տարիները մասնավորապես ցույց են տվել, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ գործողություն լինել: Բայց կարծում եմ, որ մինչև ընտրությունները համենայն դեպս դժվար թե, որովհետև կողմերից ոչ մեկին պետք չէ մինչև ընտրությունները լարել իրավիճակը, հավելյալ խժդժություններ ստեղծել: Իսկ ընտրություններից հետո ասվածը շատ լայն հասկացություն է, 1-2 օր հետո դժվար թե, իսկ առհասարակ, չենք կարող բացառել, որ նմանատիպ գործողություններ՝ դիվերսիաներ, ավելի խոշորամասշտաբ գործողություններ լինեն: Բայց թե երբ և ինչ պայմաններում կլինեն, շատ բարդ է կանխատեսել:
Մանրամասները՝ տեսանյութում:










