Ճապոնացին Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պտտելով աշխարհի ամենամեծ օղակը (տեսանյութ)

21:02 • 09.03.18

Տոկիոյում բնակվող Յույա Յամադան, ով պտտօղակով ներկայացումներ է տալիս հայրենիքում, վերջերս Գինեսի նոր ռեկորդի հեղինակ է դարձել՝ պտտելով 5.14 մետր տրամագծով ալյումինե օղակը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Ճապոնիայում Յույան հայտնի է պտտօղակի օգնությամբ ցուցադրվող հնարքներով: Նա կարողանում է օղակը պտտել վազելիս, պտտել այն ուղղահայաց՝ օգտագործելով երկու ձեռքը, և կարող է տասնյակ օղակներ պտտել միաժամանակ:

Սակայն իր վերջին ռեկորդի համար ամբողջովին նոր մոտեցում էր անհրաժեշտ: Տղամարդը պետք է ոչ միայն պտտեր օղակը մարմնի օգնությամբ, այլ նախ այն հարմարեցներ իրանի հետ հավասար դիրքին, ապա կարողանար վազել օղակի ներսում և պտտել այն միաժամանակ: Այս հարցում չափազանց կարևոր է ժամանակը. ամեն մի քայլը պետք է անել ճիշտ պահին:

Նրան հաջողվել է գերազանցել ամենամեծ օղակը պտտելու իր նախորդ ռեկորդը, որը 4.93 մետրն էր, սակայն այդ ցուցանիշն ավելի ուշ գերազանցել էր մեկ այլ ռեկորդակիր՝ պտտելով 5.04 մետր օղակը: