Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում գրոհայինները զանգվածային բռնաբարության են ենթարկել կանանց

15:32 • 09.03.18

Անցած ամիս Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում գրոհայինները հարձակվել, առևանգել ու զանգվածային բռնաբարության են ենթարկել տեղացի կանանց:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ հղում անելով «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպությանը, հանցագործությունն իրականացվել է Կիրիվիրի գյուղի մոտակայքում գտնվող մեկուսացված տարածքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարի 17-ին օգնության համար բուժաշխատողներին է դիմել ընդամենը 10 տուժած. վախենալով վրեժից՝ նրանք համարձակվել են դիմել օգնության համար միջադեպից երկու շաբաթ անց:

Նշվում է, որ բռնաբարության մի շարք այլ զոհեր նախընտրել են չբարձրաձայնել այս մասին և չդիմել բուժօգնության համար՝ վախենալով խարանումից իրենց համայնքներում:

Նշվում է, որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը քաոսի մեջ է հայտնվել 2013 թվականին, երբ մահմեդական «Սելեկա» խմբավորման գրոհայինները գահընկեց արեցին նախագահ Ֆրանսուա Բոզիզեին՝ հրահրելով դիմակայություն «Անտիբալակա» քրիստոնեական խմբավորման աշխարհազորայինների հետ:

Չնայած երկրում ՄԱԿ-ի 12 հազարանոց խաղաղապահ առաքելության տեղակայմանը՝ հակառակորդի զինված խմբավորումները մինչ օրս հետապնդում են տեղացիներին: Անցած տարվա նոյեմբեր ամսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս 900 խաղաղապահ է ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ քաղաքացիներին պաշտպանելու համար: