Հնդկաստանի գերագույն դատարանն օրինականացրել է պասիվ էվթանազիան
Հնդկաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի անբուժելի հիվանդները պասիվ էվթանազիայի իրավունք ունեն (պասիվ էվթանազիան հիվանդի կյանքի՝ կենսապահովման համակարգերի միջոցով պահպանության դադարեցումն է): Այս մասին հայտնում է NDTV հնդկական հեռուստաալիքը:
«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի որոշում կայացնելու, որ ինքը որևէ բուժում չպետք է անցնի, և իր կյանքը պետք չէ պահպանել կենսապահովման համակարգերի միջոցով: Մարդիկ արժանապատիվ կերպով մահանալու իրավունք ունեն», - մեջբերում է հեռուստաալիքը դատարանի հայտարարությունը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պասիվ էվթանազիան կկիրառվի այն դեպքում, երբ հիվանդը նախապես արտահայտի իր կամքը՝ թույլ տալով անել դա:
Դրանից բացի, Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն անբուժելի հիվանդների ընտանիքները կամ ընկերները նույնպես կարող են դիմել դատարան՝ խնդրելով էվթանազիայի ենթարկել նրանց: Այս դեպքում դատարանում բժշկական խորհուրդ կկազմվի, որը կորոշի՝ արդյոք հիվանդին պասիվ էվթանազիա է անհրաժեշտ:










