Վլադիկավկազի աղբավայրում ոչնչացվել է Հայաստանից ուղարկված 6 տոննա արտադրանք (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ «Վերին Լարս» միջազգային անցակետում, առգրավվել է Հայաստանից ավելի քան 6 տոննա արտադրանք՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ, և ոչնչացվել Վլադիկավկազի աղբավայրում:
Ինչպես հայտնում է Россия-Алания հեռուստաալիքը, քաղաքային աղբավայրում ոչնչացվել է մի քանի տոննա անօրինական արտադրանք: Բուլդոզերի թրթուրների տակ է հայտնվել 245 կիլոգրամ սմբուկ, ավելի քան 1200 կիլոգրամ պղպեղ և մոտ 5 տոննա լոլիկ: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ արտադրանքը փորձում էին անցկացնել Հայաստանի տարածքից: Ներկրման համար արգելված ապրանքի ոչնչացման գործընթացն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն:
«Ավտոմեքենայում առկա խնձորներն ու թարմ ապրանքները հայտարարագրված են եղել, բայց խնձորների հետևում եղել է այդ արտադրանքը: Քանի որ այն ոչ մի փաստաթղթավորում չի ունեցել, արտադրանքի և դրա փաթեթների վրա ոչ մի նշագրում չի եղել Մաքսային միության սանիտարական միասնական պահանջների համաձայն, արտադրանքը ոչնչացվել է՝ Ռուսաստանի նախագահի թիվ 391 հրամանագրի համաձայն»,- ասել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության և Հյուսիսային Օսիա-Ալանիայի հարցերով բույսերի և սերմերի կարանտինի ոլորտում վերահսկողության բաժնի ղեկավար Վալերի Գագիևը:
Ինչպես իր կայքում հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության իրականացման ժամանակ «Վերին Լարս» անցակետում առգրավվել է կարանտինի տակ գտնվող տարբեր արտադրանքներով ավտոմեքենա՝ 4,9 տոննա թարմ լոլիկներ, 0,245 տոննա սմբուկ և 1,24 տոննա պղպեղ, որոնց մասին ուղեկցող փաստաթղթերը տվյալներ չեն պարունակել:
Տեսանյութը դիտել այստեղ:










