Ագրեսիվ քայլ է պետք, որպեսզի վերելակների վիճակը կարգավորվի, գումար պետք է ծախսվի. Ա. Բախշյան

21:51 • 10.03.18

Նոր մոտեցում, նոր գաղափար, ագրեսիվ քայլ է պետք, որպեսզի վերելակների վիճակը կարգավորվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Դա մարդկանց անվտանգությունն է երաշխավորելու և դրա համար գումար պետք է ծախսվի»,- նշեց նա:

Երևանի քաղաքապետարանն օրերս դիմել է Ասիական զարգացման բանկին՝ մայրաքաղաքի վերելակների անվտանգությունը բարձրացնելու խորհրդատվություն ստանալու համար։ Բանկը համաձայնել է ցուցաբերել 225 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն: Համապատասխան գումարի դիմաց խորհրդատվական թիմն ուսումնասիրելու է վերելակների տեխնիկական վիճակը, հաշվարկելու է՝ արդիականացման համար որքան գումար է հարկավոր։

«Քաղաքաշինական տնտեսությունը մեզանում քանդվեց այն պահին, երբ մեր լավ մասնագետները թողեցին, հեռացան: Եվ այսօր չունենք մասնագետ, չունենք այդ կրթությունը, այդ մասնագիտությունը տվող համապատասխան որակյալ ուսումնական հաստատություն և, թերևս, Երևանի քաղաքապետարանում ստիպված են այդ քայլին գնալ: Գումարը շատ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ այն մարդիկ, որոնք այդ ծառայությունը պետք է մատուցեն, իրենք իրենց արժեքը գիտեն: Օտար մարդիկ են, որոնք հնարավորինս շատ գումար են ուզում ստանալ մեր նման երկրների անզորությունից, անուղեղությունից»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ավագանու անդամի կարծիքով՝ ավելի նպատակահարմար կլիներ, եթե միայն խորհրդատվության փոխարեն նույն այդ աջակցության գումարով գոնե մի քանի շենքերում նորմալ վերելակ տեղադրեին:

«Անտնտեսվար վիճակ է և շատ վտանգավոր: Կոնկրետ այն շենքը, որտեղ ես եմ ապրում՝ Հարավարևմտյան Բ4 թաղամասում, ամեն օր նստում եմ և ասում եմ՝ տեսնես ո՞ր դժբախտի գլխին է գալու փորձանքը: Բայց ԱԻՆ-ը մեր վերելակի շահագործման թույլտվություն տվել է»,- ընդգծեց նա:

Երևանի 2018 թ.-ի բյուջեով գումար է նախատեսված միայն վերելակների պահպանման համար՝ մոտ 80 մլն դրամ։ Իսկ Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում նախատեսվում է ամբողջովին արդիականացնել մայրաքաղաքի վերելակները, բայց դրա համար անհրաժեշտ գումարների հատկացման մասին ծրագրում նշված չէ:

Քաղաքապետարանից մշտապես հայտարարում են, որ բազմաբնակարան շենքերի վերելակները բաժնային սեփականություն են և քաղաքապետարանը դրանք սպասարկելու պարտավորություն չունի։

«Ինքս հասարակական կարգով մեր համատիրության նախագահն եմ և համատիրությունը պատասխան չի տալիս: Համատիրությունը պայմանագիր ունի մեր Մալաթիայի վերելակների սպասարկմամբ զբաղվող կառույցի հետ: Մենք ամսական 1000 դրամ ենք մուծում, որ հետևեն մեր վերելակին: Այդ մարդիկ ինչքան կարողանում հետևում են, բայց հին վերելակներ են և փորձանքի բուն են»,- նշեց Բախշյանը: