Մեր տնտեսության սխեման բացառիկ արատավոր է՝ և՛ կապիտալ ունենք, որն արտահոսում է, և՛ աշխատողներ ունենք, որոնք գնում են. տնտեսագետ

21:02 • 10.03.18

Հանրությունը դժգոհ է, սոցիալական վիճակը դեռևս ծանր է, հետևաբար այն բավարար համարվել չի կարող: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններին, թե իր խոստացած 850 մլն դոլար ներդրումը կատարվել է:

«Խիստ կասկածում եմ, որ այդ ծավալի ներդրում ենք ունեցել, պետք է հաշվետվությունը տրվի, որ պարզ լինի, թե ինչ ոլորտներում և ինչ չափով է եղել: Պետք է հասկանալ՝ ինչն է ներդրում համարում, եթե ինքը ներդրում է համարում նոր ծառայողական մեքենաներ ունենալը, ապա կարող եմ ասել, որ ներդրման արդյունք է, բայց տնտեսության մեջ բան չի փոխելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունը ներկայացրել է ՀՀ-ում 2017թ. իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ ընդհանուր 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում, Հայկ Բալանյանն ասաց, թե իր կարծիքով՝ պետական ծախսերը ներդրումներ համարելը սխալ է:

«Աճպարարություն պետք չէ անել: Օրինակ՝ օֆիսի համար կահույք են առել ու դա ներդրում է համարվում, նախորդ կառավարություններն էլ ամեն տարի այդ թվերը ծախսում են, չէ՞ որ ինչ-որ բաներ վնասվում է ու ստիպված են լինում փոխել: Եթե սրան մասին է խոսքը, ապա նախորդ վարչապետների թվերն էլ պետք է բերենք ու համադրենք: Այս ներդրումներն այնպես չէ, որ ազդեցություն չունեն, սակայն տնտեսական շահավետության մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք նոր աշխատատեղեր չեն ստեղծում: Օրինակ՝ մի մեքենա դուրս են գրում, մյուսը՝ գնում, սա կարող ենք համարել ներդրում, բայց հետո՞, տնտեսության օգուտը ո՞րն է»,- ընդգծեց Հայկ Բալանյանը:

Տնտեսագետը, խոսելով ՀՀ-ներդրումային միջավայրի մասին, հայտարարեց, թե այդ միջավայրի մասին լավագույնս կպատասխանեն վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերները, ՀՀ պատգամավորներն ու օլիգարխները, որոնք կապիտալն արտահանում են:

Հայկ Բալանյանը հայաստանյան տնտեսության մեջ մի նուրբ խնդիր առանձնացրեց՝ շուկայի փոքրությունը, ինչը, ըստ նրա, հետևանք է դեռևս 20 տարի առաջ որդեգրած տնտեսական սխալ քաղաքականության:

«Դեռևս մի 20 տարի առաջ տնտեսության զարգացման համար հիմք ընդունեցին ներքին շուկան, ոչ թե արտահանմանն ուղղված տնտեսությունը, և այդ ժամանակ ամեն բան կանխորոշվեց: Որպեսզի կարողանաս տնտեսությունը զարգացնել, պետք է աշխարհի շուկաների վրա, այսինքն՝ արտահանման վրա: Արտահանման վրա աշխատելու համար պետք է ունենաս բարձր տեխնոլոգիական արտադրություն, որպեսզի կարողանաս աշխարհին վաճառելու ապրանք ունենաս:

Հայաստանում ո՛չ բիզնեսը, ո՛չ կրթական համակարգը, ո՛չ մասնագետները, որոնց մեծ մասին կորցրել ենք, ո՛չ հարկային դաշտ, ո՛չ դրամավարկային քաղաքականություն սրան չեն նպաստում: Փոխարենը մենք ապրանք արտահանենք, մենք մարդկային կապիտալ ենք արտահանում: Մարդուժն ու կապիտալը գնում է ՀՀ-ից դուրս ու դառնում արտադրություն, բիզնես ու կապիտալ: Մեր տնտեսության սխեման այս իմաստով բացառիկ արատավոր է՝ և՛ կապիտալ ունենք, որը գնում է դուրս, և՛ աշխատողներ ունենք, որոնք գնում են: Թվերը կարևոր չեն, քանի որ սա է Հայաստանի իրական պատկերը»,- շարունակեց տնտեսագետը:

Հայկ Բալանյանը ՀՀ-ում ներդրումներ չանելու այլ պատճառներ էլ առանձնացրեց՝ մենաշնորհներ, բիզնեսի պաշտպանված չլինելը, դատական համակարգի թուլություն և այլն: Նրա խոսքով՝ գործարարը չի վստահում ՀՀ իշխանություններին, քանի որ մտավախություն ունի, որ իր կայացրած բիզնեսը կարող են իրենց խլել, կամ պահանջել, որ կիսի:

«Այս արատավոր թրենդից, թակարդից, որի մեջ հայտնվել է մեր երկիրը, դեռևս չի ստացվում դուրս գալ: Սա մի պատճառ չունի՝ շղթայական խնդիրներ են: 100 մլն դոլարից ավել ներդրում լինի, թե՝ պակաս, միևնույն է, ինքը՝ տնտեսության մեր մեխանիզմը, դեռևս փոխված չէ»,- եզրափակեց Հայկ Բալանյանը: 

ՀեղինակԱնի Օհանյան