Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է, սպասվում է 2-րդ վիրահատությունը

09:54 • 10.03.18

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:

«Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում: Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը:

Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում:

Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ գումարի 10%-ը կփոխանցեն ինքն ու իր ընկերները:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ալբերտ Դալլաքյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը, հայտնել էր, որ որդին ՀՀ-ում երեք վիրահատության է ենթարկվել, սակայն չորրորդ վիրահատությանը պետությունը պատրաստ չէ:

«Գերմանիայում ուղեղի անոթների վիրահատություն պետք է արվի: Ինչո՞ւ Գերմանիայում, որովհետև այնտեղ հավանականությունն ավելի մեծ է, որ վիրահատությունը հաջող կանցնի, որովհետև դրանից է կախված որդուս հետագա կյանքը: Մի փոքր վիրահատական սխալը որդուս կզրկի տեսողությունից ու շարժվելու հնարավորությունից, իսկ այստեղ Առողջապահության նախարարությունը պնդում է, թե հնարավոր է Հայաստանում վիրահատել»,-ասել էր նա: