Հունաստանի և Թուրքիայի սահմանին երկու գերմանացի լրագրող է ձերբակալվել
Հույն ոստիկանները գերմանացի երկու լրագրողի են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Էվրոս արգելված սահմանային գոտում, գրում է Business Standard-ը:
31-ամյա տղամարդն ու 33-ամյա կինը ձերբակալվել են Դիդիմոտիխո շրջանի Պրանգի գյուղի մոտակայքում: Այս տարածքում գտնվելու համար անհրաժեշտ է ռազմական իշխանությունների թույլտվությունը:
Լրագրողների պնդմամբ՝ նրանք աշխատում են գերմանական ARD հեռուստաալիքի համար և Էվրոս էին եկել հատուկ ռեպորտաժի նկարահանման համար, որը պետք է պատմեր Գերմանիայից գաղտնի կերպով Թուրքիա վերադարձող թուրքերի մասին, որոնք անցնում են Էվրոս գետը:
Գերմանացիների համաձայն՝ նրանք հարցում են հղել անհրաժեշտ թույլտվության համար, սակայն սկսել են աշխատել՝ չսպասելով պատասխանին:
Նշենք, որ նույն սահմանամերձ գոտում օրեր առաջ մոլորվել էր երկու հույն զինծառայող, նրանք սխալմամբ անցնելով թուրքական կողմ՝ ձերբակալվել էին: Թուրքիան դեռևս հրաժարվում է արտահանձնել նրանց:










