Լոնդոնում Իրանի դեսպանատուն են ներխուժել մահակներով ու դանակներով զինված անձինք, չորս մարդ ձերբակալվել է. լրատվամիջոցներ

10:52 • 10.03.18

Լոնդոնում Իրանի դեսպանատան պատշգամբում բողոքի ակցիա նախաձեռնելու համար 4 մարդ է ձերբակալվել, այս մասին РИА Новости-ին հայտնել են բրիտանական ոստիկանությունից:

Գործակալության զրուցակիցը հաստատել է 4 անձի ձերբակալության լուրը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներկայացնել միջադեպի մանրամասները: Նա նշել է, որ ձերբակալվածների անունները կհայտարարվեն միայն այն ժամանակ, երբ նրանց պաշտոնական մեղադրանք առաջադրվի:

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հաստատել է, որ դեսպանատան վրա հարձակում է իրականացվել: Ըստ իրանական աղբյուրների՝ դեսպանը նշել է, որ շենք ներխուժած անձինք զինված են եղել փայտե մահակներով ու դանակներով:

Նրանք նաև վանկարկումներ են հնչեցրել իրանցի մի շարք պաշտոնատար անձանց դեմ: Դեսպանի պնդմամբ՝ հարձակվողները հարում են, այսպես կոչված, «բրիտանացի շիաների» աղանդին: