ՌԴ նախագահը խոսել է Թրամփի՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին անվանել է փորձառու մարդ, որը հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին:
Հեռուստաալիքի լրագրողը հարցրել է, թե ինչու է, ըստ իրեն, Թրամփը հարգանքով վերաբերվում իրեն:
«Ես չեմ կարծում, որ նա անձամբ իմ հանդեպ հատուկ հարգալից վերաբերմունք ունի: Ես կարծում եմ, որ նա փորձառու մարդ է, մեծ փորձ ունեցող գործարար և հասկանում է, որ եթե կարիք կա որևէ մեկի հետ գործակցային հարաբերություններ հաստատելու, ապա պետք է հարգանքով վերաբերվել ներկա կամ պոտենցիալ գործընկերոջը, այլապես ոչինչ չի ստացվի», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը նույն հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարբերաբար միջամտում է Ռուսաստանում կազմակերպվող ընտրություններին։ Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՌԴ-ն որևէ կերպ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: ՌԴ նախագահը նաև ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների համար մեղադրել է հենց ԱՄՆ-ին։










