Պուտինը խորհուրդ է տվել չվախենալ մարդկանցից, որոնք կհաջորդեն իրեն նախագահի պաշտոնում

12:51 • 10.03.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում խորհուրդ է տվել չվախենալ մարդկանցից, որոնք կհաջորդեն իրեն նախագահի պաշտոնում:

«Ես շատ հիմարություններ եմ լսել այդ առումով: Ինչո՞ւ եք այդքան վախենում, որ ինձնից հետո իշխանության կգան մարդիկ, որոնք կցանկանան ավերել այն ամենը, ինչ ես ստեղծել եմ վերջին տարիներին: Գուցե, ընդհակառակը, դրանք կլինեն մարդիկ, որոնք կցանկանան Ռուսաստանը դարձնել առավել հզոր, ապագա ստեղծել երկրի և հարթակ՝ գալիք սերունդների դաստիարակության համար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC-ի հաղորդավարուհի Մեգան Քելիի հարցին։

  
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը նույն հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարբերաբար միջամտում է Ռուսաստանում կազմակերպվող ընտրություններին։ Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՌԴ-ն որևէ կերպ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:


Նշենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու մարտի 18-ին, որին մասնակցելու է 8 թեկնածու՝ այդ թվում Պուտինը։