Նախագահը պետք է ամբողջությամբ նվիրվի իր աշխատանքին՝ չնայած տարիքին. Պուտին

14:47 • 10.03.18

Ցանկացած նախագահ, չնայած իր տարիքին, պետք է իր ամբողջ ուժերը նվիրի աշխատանքին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Առաջին հերթին, որքանով ես գիտեմ, աշխարհում շատ գործող քաղաքական գործիչներ կան, որոնք ինձնից տարիքով մեծ են, և նրանք շատ ակտիվորեն են աշխատում», - ասել է Պուտինն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով տարիքի հետ ակտիվության նվազման հնարավորության մասին հարցին, հայտնում է «РИА Новости»-ն:

Պուտինի խոսքով՝ քաղաքական գործիչները, չնայած տարիքին, պետք է ամբողջությամբ նվիրվեն իրենց աշխատանքին:

«Աշխարհում շատ են այդպիսի մարդիկ, Եվրոպայում կան, աշխարհում ուր ասես: Սակայն եթե մարդը հայտնվում է առաջին տեղում, նա պետք է ակտիվորեն աշխատի այնպես, ասես կյանքում առաջին անգամ է դա անում, ասես առաջին ու վերջին անգամ», - ասել է նախագահը:

Նա նաև նշել է, որ ինքը կհետևի Սահմանադրությանը:

«Կա Սահմանադրություն: Ես երբեք չեմ խախտել Սահմանադրությունը և չեմ փոխել այն: Ահա թե ինչու կաշխատեմ Ռուսաստանի հիմնական օրենքի շրջանակում: Իհարկե, եթե ընտրողներն այդպիսի հնարավորություն ընձեռեն ինձ՝ աշխատել ևս մի ժամկետ, իմ ամբողջ ուժերը կնվիրեմ, իհարկե, աշխատանքին», - ասել է Պուտինը:


Նշենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու մարտի 18-ին, որին մասնակցելու է 8 թեկնածու՝ այդ թվում Պուտինը։