Լիբանանահայության շրջանում կա ցանկություն գալ Հայաստան, բայց դա զանգվածային բնույթ չունի․ Շահան Գանտահարյան
Լիբանանում հրապարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝ և՛ սիրիական պատերազմը, և՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցությունն ունենում են Լիբանանի վրա, և արդյունքում նկատվում է նաև լիբանանահայության որոշակի արտահոսք:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ընդհանրապես քրիստոնյա ազգաբնակչությունը հեռանում է և՛ Եգիպտոսից, և՛ Սիրիայից, և՛ Իրանից, և՛ նաև Լիբանանից:
«Բայց Լիբանանը, որն անցել է 17-ամյա քաղաքացիական պատերազմի բովով, հիմա համեմատաբար հանգիստ է: Իհարկե, կա մտավախություն, որ բազմաթիվ գործոնների հետևանքով, լարվածություն նորից կսկսվի, բայց այդ գործոնները սահմանափակ տեսքով եղան մինչ հիմա․ զսպող մեխանիզմներ կան հիմա: Այսօր շատ ավելի լավատեսական գնահատականներ և բնութագրեր են հնչում այն առումով, որ Լիբանանն արդեն համալիբանանյան կեցվածք է դրսևորել»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, կանխատեսելով և զգալով լիբանանահայ համայնքին սպառնացող վտանգը՝ նշել էր, որ պետք է զբաղվել լիբանանահայերի հայրենադարձության խնդիրներով:
Լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարյանը համաձայնեց, որ Լիբանանում ներքաղաքական խնդիրները շատ էին, սակայն նկատեց, որ դրանք կարծես թե լուծվում են:
«Վարչապետը հրաժարական տվեց, հատկապես Սաուդյան Արաբիայի պատճառով: Բայց հետո միջազգային հանրությունը նրան հետ բերեց իր պաշտոնին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ չկա այն աշխարհաքաղաքական որոշումը, որ Լիբանին ևս ներքաշեն պատերազմական գործողությունների մեջ:
Շահան Գանտահարյանի խոսքով՝ լիբանանահայության շրջանում կա ցանկություն գալ Հայաստան, բայց դա զանգվածային բնույթ չունի:
«Կարծում եմ, որ «Հայրենադարձության մասին» օրենքի մշակումը շատ ողջունելի է: Դա չի վերաբերում միայն լիբանանահայերին, այլ ամբողջ սփյուռքին»,- ասաց նա:
Խոսելով լիբանանահայության՝ հայրենիք վերադառնալու մասին՝ նորից նշեց, որ հիմա էլ նկատելի է, որ որոշակի խումբ գալիս է Հայաստան, նաև նկատեց՝ հայրենիքի հետ կապն ամրացրել են այստեղից դեպի Լիբանան եղած կանոնավոր թռիչքները:
«Կապն ակտիվացել է Լիբանանի հետ, և նաև միջպետական հարաբերություններն են խորանում»,- ասաց նա՝ մատնանշելով ՀՀ նախագահի այցը Բեյրութ և հոկտեմբերին սպասվող Լիբանանի նախագահի այցը Երևան,- դա կօգնի, որ համայնքում երիտասարդները մտածեն նաև հայրենիք վերադառնալու մասին: Լիբանանի համայնքը շատ մեծ դեր է կատարում նաև երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում»:
Դիտարկմանը, թե Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան եկած սիրիահայերի մի մասը դժգոհեց Հայաստանից, թե իրենց այստեղ լավ չընդունեցին, գուցե լիբանանահայերի դեպքում էլ նման խնդիր լինի, Շահան Գանտահարյանը պատասխանեց․ «Ես համաձայն չեմ, որ այստեղ սիրիահայերին լավ չընդունեցին, որովհետև և՛ Սփյուռքի նախարարությունը, և՛ համապատասխան գերատեսչությունները հայեցակարգեր են մշակել և գործնական քայլերի դիմել: Ոմանք, իհարկե, Հայաստան որպես տարածք են դիտարկել՝ այլ տեղ գնալու համար՝Լիբանանը առաջին կանգառ համարելով, հետո Հայաստան եկել: Բայց ստվար մի խումբ մնացել է այստեղ, և նրանք շատ գոհ են պետության ընձեռած հնարավորություններից»:










