Արարատի մարզի 9 համայնքներում 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 25 տոկոս է

16:41 • 11.03.18

Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում մարտի 11-ին ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ Մասիսի տարածաշրջանի ինը համայնքներում ընտրության մասնակցությունը 25 տոկոս է: Ժամը 14:00-ի դրությամբ 12108 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2865  քաղաքացի: «Մինչ այս պահն ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց որեւէ միջադեպի: Դժվարություններ չեն առաջացել նաեւ տեխնիկական առումով»,- ընդգծեց նա: 

Թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանն էլ  նշել է, որ Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում, ժամը 14:00-ի դրությամբ, 1079 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 344-ը:

Նորամարգում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Արմեն Գեւորգյանը, Արման Թադեւոսյանը եւ Արսեն Ղահրամանյանը: Մյուս ութ համայնքներում առաջադրված է մեկական թեկնածու՝  Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝ Հարութին Կարապետյանը, Սայաթ-Նովայում՝ Ռազմիկ Ալավերդյանը եւ Սիսում՝ Արմեն Եղյանը: