Կառավարությունը օրենքը բերում, հետո նոր անհրաժեշտություն է տեսնում նեղ մասնագետներով քննարկելու. ավելի լավ է՝ քննարկեն, հետո բերեն ԱԺ. Գ. Կոստանյան

14:38 • 11.03.18

Միանշանակ, դրույթը, ըստ որի՝ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել նաև այն դեպքերում, երբ ինքը խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները, հանվել է:

Tert.am-ի հետ զրույցում այս կերպ արձագանքեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկին:

Կոստանյանը նշեց, թե Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը  չհերքեց, որ դրույթը հանվել է, ընդամենն ասաց, որ հանել են, բայց իրենք ավելի խոր վերլուծություն կանեն, ավելի նեղ մասնագիտական խմբով կքննարկեն, հետո կբերեն ԱԺ:

«Իմ խոսքում էլ ասել եմ, որ այս մասով խնդիր կա, բայց լուծումն այն չէ, որ բերել էր Կառավարությունը: Նախարարը հանեց խնդրի լուծման՝ իրենց առաջարկած ձևը, բայց քանի որ խնդիր կա, ասաց, որ նեղ մասնագետների խմբով կքննարկեն և կներկայացնեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի հայտարարությանը, թե իրենք այս հարցն ավելի նեղ մասնագիտական խմբով կքննարկեն, Կոստանյանն ասաց, որ խոսքը չի վերաբերում աշխատանքային հատուկ խմբին:

«Իրենք իրենց մեջ թող քննարկեն, իսկ մենք որոշում կայացնենք: Պառլամենտարիզմի իմաստը հենց դրանում է, որ ուզում են նեղ, լայն մասնագետներով քննարկեն, ինչ ուզում են քննարկեն, միևնույնն է, վերջում պետք է բերեն ԱԺ և ստանան խորհրդարանականների հաստատումը»,- շարունակեց Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը շեշտեց, որ եթե օրինագիծը նույն տեսքով գա, միանշանակ ստանալու է բացասական եզրակացություն: Միևնույն ժամանակ, նա Կառավարության ներկայացուցիչներին հորդորեց, որ մինչ ԱԺ-ը բերելը օրենքի խնդրահարույց կետերը նեղ մասնագետների հետ քննարկեն:

«Էդ որ Կառավարությունն օրենք է բերում, հետո նոր անհրաժեշտություն է տեսնում, որ պետք է նեղ մասնագետներով քննարկեն, ավելի լավ է՝ նեղ մասնագետներով քննարկեն, հետո բերեն ԱԺ»,- ընդգծեց նա:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ինքը ոչ միայն օրենքի դրույթի խնդիրն է արձանագրել, այլև լուծումներ է առաջարկել:

«Ես 3 լուծում եմ առաջարկել, որով հնարավոր է կարգավորել հարցը, որոնցից մեկն այդ արարքը քրեականացնելն է»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու ժամանակ տարակարծություն եղավ:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ դրույթը, ըստ որի՝ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել նաև այն դեպքերում, երբ ինքը խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները, հանվել է, քանի որ, եթե տվյալ արարքի համար ազատազրկում չի սպառնում, խափանման միջոցը չի կարող կալանք լինել: Իսկ Արդարադատության նախարարն էլ հայտարարեց, թե չի հանվել, պարզապես հետաձգվում է՝ նեղ մասնագիտական խմբով քննարկելու նպատակով:

Նշենք նաև, որ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը ստացել էր բացասական եզրակացություն:

 

 

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան