Seaside Startup Summit India, Goa-ն մոտեցավ իր ավարտին
Եթե Գոայի Կաբո Դե Ռամա ծովափից առավոտյան ժամը 7-ից ձայներ չեն լսվում, ուրեմն նշանակում է, որ Seaside Startup Summit India, Goa-ն մոտեցել է իր ավարտին:
Արդեն Սամմիթի 5-րդ օրն է, և միջոցառման մասնակիցները հավաքվել են բեմի մոտ վերջին անգամ: Կարճատև զրույցից հետո որոշ ստարտափներ բարձրացան բեմ, որպեսզի իրենց խոսքն ուղղեն միջոցառման կազմակերպիչներին, կիսվեն իրենց զգացողություններով և գաղափարներով:
Հետաքրքիրն այն է, որ բոլորը միաբերան խոսում էին «Սիսայդ Ստարտափ Սամմիթը» իրենց երկրորդ տունը համարելու մասին. «Այստեղ բոլորը քրտնաջան աշխատում են, որպեսզի ապահովեն մասնակիցներին անհրաժեշտ պայմաններով: Վրանը, որտեղ դու բնակվում ես, դառնում է քո տունը, որտեղ դու ապրում ես, ուտելիք պատրաստում, և շատ ու շատ բաներ սովորում»:
Շատ հաճելի և միևնույն ժամանակ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է «Սիսայդ Ստարտափ Սամմիթը» աշխարհայացքներ և կյանքեր փոխում: Եթե մինչև միջոցառումը մասնակիցները, հնարավոր է, շատ ուշադրություն չէին դարձրել կանոնակարգերի, թիմային աշխատանքի և պատրաստվածության բարձր մակարդակ ունենալու կարևորությանը, ապա փոփոխությունն արդեն իսկ ակնհայտ է: Եվ դա լավագույն գնահատականն է, որը կարող է ստանալ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» կազմակերպչական թիմը:
Չնայած որ միջոցառումը մոտենում էր իր ավարտին, մասնակիցները սպասում էին իրենց վերջին ելույթին՝ հաղթողների շարքում իրենց տեղն ապահովելու համար: Ըստ սամմիթի ձևաչափի՝ կա երկու նոմինացիա՝ Big Startups Battle-ի հաղթողներ (մրցույթ՝ բիզնեսի նախնական փուլում գտնվող ստարտափների համար) և Field Battle որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ստարտափների համար:
Վերջին օրվա ընթացքում մասնակիցները նաև հասցրին մասնակցել ևս 3 քննարկումների, և վերջապես սկսվեց փակման պաշտոնական արարողությունը՝ ամենասպասված պահը ողջ օրվա ընթացքում: Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Գոայի Հասարակության հետ կապերի ծառայության քարտուղար Ամեյա Աբյանկարը նույնպես մասնակցեցին փակման արարողությանը: Արմեն Մարտիրոսյանն իր հերթին զրուցեց ստարտափների հետ իրենց ապագա պլանների մասին: Հյուրերի ցանկում էր ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը:
Միջոցառման կազմակերպիչներ Հակոբ Հակոբյանը ( Startup Armenia Foundation), Անիլ Չիկարան ( Startup India Foundation) և Տրիպտի Շանխալը իրենց փակման խոսքն ուղղեցին մասնակիցներին: Միջոցառման մասնակիցները գումարային շահումներից բացի նաև արժանացան տարբեր մրցանակների:
Արարողությունը մնացած փակման արարողություններից տարբերվում էր իր էներգետիկայով: Startup Armenia հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, ի նշան հնդկական մշակույթի նկատմամբ հարգանքի, բեմ էր բարձրացել հնդկական ազգային հագուստով: Հնդկական թիմերն իրենց հերթին պատրաստել էին հետաքրքիր պարային համար: Միջոցառումն ավարտվեց բարձր երաժշտությամբ և պարերով:
Seaside Startup Summit India, Goa- ն կարևոր դեր խաղաց շատ ու շատ մասնակիցների կյանքում: Այս օրերի ընթացքում նրանք հասցրին միասին կյանք ապրել, առօրյա կիսել, մասնակցել դասախոսությունների, միմյանցից սովորել, կիսվել փորձով և, իհարկե, ուրախ ժամանց անցկացնել: Միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ հնդկական և համաշխարհային շուկային, ձեռք բերել գործընկերներ, ստանալ ներդրումներ, Սամմիթի հիմքում ընկած է նորարարական զարգացման գաղափարը տեղական և համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի համար: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների աջակցությամբ: Մրցանակային ֆոնդը հասել է 22.000 ԱՄՆ դոլարի, իսկ ընդհանուր մրցանակների թիվը գերազանցել է 50.000 ԱՄՆ դոլարը:











