Գիտնականները «այլմոլորակային» սառույց պարունակող ադամանդ են հայտնաբերել

20:54 • 11.03.18

ԱՄՆ Նևադա նահանգի համալսարանի գիտնականների խումբը եզակի ադամանդ է հայտնաբերել, որի ներսում պահպանվել է սառույցի գերխիտ ձևը, որը հայտնի է VII-սառույց անունով: 

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, սառույցի գերխիտ ձևը սովորաբար ոչ երկրային ծագում ունի: Այդ նյութի մոլեկուլները, ի տարբերություն սովորական սառույցի (սառույց-I), խորանարդաձև տեսք ունեն: Երկրի վրա նման կառուցվածք ստանում են լաբորատոր պայմաններում: 

Քարը պատահաբար գտնվել է երկրակեղևից արդյունահանվող նմուշներում: Այս երևույթը առաջին անգամ է արձանագրվում Երկիր մոլորակի բնական պայմաններում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յակուտիայում 97.92 և 85.62 կարատանոց երկու ադամանդ են հայտնաբերել: Նմանօրինակ քարերը շատ հազվագյուտ են համարվում: Երկու ադամանդն էլ ութանիստ ձև ունեն, թափանցիկ են և դեղին երանգով: