Փառանձեմ Մեյթիխանյանը զանգել, սպառնում էր՝ դու քո հալը կտեսնես դատարանում. լեզվաբանի ամուսնու սպանության գործով տուժող

17:25 • 12.03.18

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին գործով մյուս տուժող Սանասար Բադալյանը, ով բոլոր նիստերին հայտարարում է, որ ինքը տուժող չէ, ասաց, որ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանից սպառնալիքներ է ստացել:

«Փառանձեմ Մեյթիխանյանն ամուսնու սպանությունից ամիսներ անց զանգահարել և սպառնացել է ինձ: Զանգել է ինձ մի երկու-երեք անգամ, ասել է, որ ցանկանում է ինձ տեսնել, որպեսզի շնորհակալություն հայտնի: Ես էլ ասել եմ՝ համարի հայտնել ես: Մի անգամ էլ զանգեց, թե՝ դու քո հալը կտեսնես դատարանում: Արագ էր խոսում, ասի զանգեմ հետ, հասկանամ ինչ է ասում, զանգերիս չպատասխանեց:

Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց, որ զանգել է Սանասար Բադալյանին, սակայն միայն շնորհակալություն հայտնելու նպատակով:

Հիշեցնենք,որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը: