ՀՀ ներկրվող էլեկտրամոբիլներից բնապահպանական վճար են գանձել 2%-ի չափով. իրավապաշտպան
Կառավարության նիստերից մեկում վարչապետն էր հանձնարարել, որ էլեկտրամոբիլ ներմուծելու դեպքում մաքսազերծման կարգ մշակվի։ Չնայած դրան 2017-ին Հայաստան ներկրված էլեկտրամոբիլներից 2%-ի չափով բնապահպանական վճար են գանձել։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Արա Խաչատրյանը։
«Այդ մասին բազմաթիվ ահազանգեր կան։ Էլեկտրամոբիլից բնապահպանական վճար գանձելն աբսուրդ է։ Կան երկրներ, որտեղ նման մեքենաների ներկրումը խթանելու համար ընդհանրապես դրանք չեն մաքսազերծվում։ Բացի այդ, շարժիչի այնպիսի ծավալ են նշում, որ էլեկտրամոբիլը չի կարող ունենալ»,-ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ եթե այդ հարցը բարձրաձայնվի և համատարած բնույթ կրի, գոնե բնապահպանական վճար չի գանձվի։
Իրավապաշտպանը նաև անդրադարձավ նաև Պետական եկամուտների կոմիտեի որոշումներից մեկին, համաձայն որի՝ 2018 թվականի հունվարի 1-ից «ինվոյսային» արժեքներով մաքսազերծում չի արվում։
«Մինչև 2017 թվականի ավարտը, օրինակ, Ճապոնիայից ներկրվող մեքենայից համար ինվոյսային արժեքը գործում էր, իսկ Վրաստանից ներկրվող մեքենայի դեպքում ինվոյսային արժեքը հիմք չէր հանդիսանում։ Այժմ այն քաղաքացին, ով 2017-ի ավարտին մեքենա էր պատվիրել Ճապոնիայից, կրկին ենթարկվում է նոր փոփոխությանը՝ ինվոյսային արժեքը չի գործում»,-ասաց իրավապաշտպանը։
Բանախոսը նաև հայտնեց, որ 2018-ի հունվարից ՊԵԿ-ը «ինվոյսային» արժեքները հաշվի չի առնելու և հրապարակել է մաքսային նոր գնացուցակ, որ քաղաքացին իմանա, թե կոնկրետ մեքենայի դեպքում ինչ մաքսային վճար է՝ այդկերպ նաև փորձելով խուսափել կոռուպցիոն ռիսկերից։










