7 տարի անց սիրիական հակամարտությունը թևակոխել է որակապես նոր շրջափուլ՝ ռազմական իրավիճակի թեժացմամբ. արաբագետ
Ի սկզբանե ձևավորվելով որպես արտաքին միջամտությամբ ներքին զինված հակամարտություն՝ ժամանակի ընթացքում այն վերածվեց միջազգային բարդագույն հիմնախնդրի. այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սիրիական պատերազմին, որի 7 տարին լրանում է մարտի 15-ին։
«Հակամարտության տարբեր փուլերում տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դերակատարների համար Սիրիայի տարածքը վերածվեց մրցադաշտի: Այս հիմնախնդիրն անցած 7 տարիների ընթացքում անցել է մի քանի շրջափուլ, որոնք դրսևորվել են ինչպես ռազմական սրացումներով, այնպես էլ դիվանագիտական բավական լուրջ գործընթացներով, որոնք, սակայն, դրական վերջնարդյունքի չեն հանգեցրել»,-ասաց նա:
Նա այս համատեքստում կարևորեց նաև հակաահաբեկչական պայքարը, որն այս հակամարտության առանցքային բաղադրիչներից մեկն է և իրավական և մարդասիրական հիմքեր է ստեղծել աշխարհաքաղաքական դերակատարներին հակամարտությանն ավելի լայն մասշտաբով ներգրավելու համար:
«Բայցևայնպես պետք է փաստել, որ այս հակամարտությունից ամենից շատ տուժողը հենց խաղաղ բնակչությունն է, որն ամեն օր առերեսվում է հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային, մարդասիրական, կենցաղային խնդիրների հետ»,-ասաց նա և բարձրաձայնեց նաև փախստականների խնդիրը:
«Արդեն ընթացիկ տարեսկզբից սիրիական հակամարտությունը թևակոխել է որակապես նոր փուլ, որը դարձյալ դրսևորվում է հատկապես ռազմական իրավիճակի թեժացմամբ, որն անցած տարվա կտրվածքով էականորեն մեղմվել էր: 2018 թվականը սկսվել է ռազմական ակտիվ զարգացումներով. այդ իրավիճակը սրվում է բոլոր այն ճակատներում, որտեղ առկա է սահմանագիծ հակամարտության տարբեր կողմերի միջև»,-ասաց նա:
Արմեն Պետրոսյանը նկատեց, որ եթե մինչև 2016 թվականը Թուրքիան հանդես էր գալիս հակաասադական` ընդդիմադիրներին աջակցող ճամբարում, ապա 2017 թվականից համագործակցելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ՝ հայտնվել է այլ ճամբարում. «Ակնհայտ է դարձել Թուրքիայի բազմակողմանի միջամտությունը սիրիական հակամարտությանը»։
Արաբագետը նշեց, որ թեև իրավիճակը ներկայում սրվել է, սակայն չկա որևէ կենսունակ դիվանագիտական հարթակ, որը կարող է հանգուցալուծում առաջարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցում, և դրան գումարած՝ միջազգային տարբեր դերակատարների միջև շահերի բախումը հասել է լարվածության հնարավոր ամենաբարձր մակարդակին, ինչը ևս թույլ է տալիս կանխատեսել, որ մոտալուտ հանգուցալուծման մասին ենթադրելու լուրջ հիմքեր չկան:
«Հակամարտության գրեթե բոլոր դերակատարների հարաբերությունները սրվել են, ինչը թույլ է տալիս Սիրիայի տարածքում ռազմական իրավիճակի թեժացում, ճգնաժամի նոր ակտիվացում կանխատեսել»,-ասաց նա:
Նա վտանգավոր համարեց այն, որ ներկայում հակաասադական որոշ դերակատարներ առավել ակտիվ են ներգրավում հակամարտությանը. խոսքը ԱՄՆ-ի, եվրոպական որոշ երկրների մասին է, որոնց միջամտության ձևաչափը սիրիական հակամարտությանը կարող է փոխվել: «Հատկապես քարոզչական, տեղեկատվական դաշտում հիմքեր են ստեղծում Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ հրահրելու համար»,-ասաց նա:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ ներկայում պարզապես չկա հնարավորություն, որ միջազգային որևէ լուրջ կառույց կարողանա միջնորդական դերակատարություն ունենալ Սիրիայի հարցում, քանի որ այդ միջազգային կառույցներն էլ կազմված են այն բոլոր դերակատարներից, որոնք ուղղակիորեն ներգրավված են հակամարտությանը:
«Եթե ՌԴ-ի և ԱՄՆ-ի, Իրանի և Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իսրայելի միջև կա շահերի նման բախում, ապա միջազգային որևէ կառույց չի կարողանա առարկայական լուծում առաջարկել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հակամարտության ազդեցությանը, ապա Արմեն Պետրոսյանն ասաց, որ այն թեև ՀՀ-ի վրա ուղղակիորեն անդրադարձ չի կարող ունենալ, բայց մոտ լինելով այդ բավական պայթունավտանգ տարածաշրջանին՝ կամա թե ակամա առնվազն պարտավոր է համակ ուշադրությամբ հետևել գործընթացներին:
«Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ այնտեղ շարունակում է մնալ մեր հայրենակիցների ստվար հատված, և այս հակամարտությանը ներգրավված են ինչպես ՀՀ բարեկամ և դաշնակից երկրներ, այնպես էլ հակառակորդ երկիր՝ ինչպիսին Թուրքիան է, և նրանց դերակատարությունը՝ համագործակցությունը կամ հակամարտությունը տարբեր ձևաչափերով և առանձնահատկություններով է ընթանում»,-ասաց նա:
Նշենք, որ Սիրիայում պատերազմի վերաճած հակակառավարական առաջին ցույցերը տեղի ունեցան սիրիական Դարաա քաղաքում՝ մարտի 15-ին՝ «Ազատություն» կարգախոսով, այնուհետև օրեր անց հաղորդվեց առաջին 70 զոհերի մասին:
Թունիսում, Եգիպտոսում, Եմենում և Լիբիայում հեղափոխությամբ ավարտված «Արաբական գարունը» «տեղափոխվեց» Սիրիա: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում պատերազմի ընթացքում ավելի քան 300 հազար մարդ է զոհվել։ 2017 թվականի փետրվարի դրությամբ Սիրիան ստիպված է եղել լքել մոտ 5 մլն մարդ։ Նրանք ապաստան են գտել հարևան երկրներում` Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, հասել Եվրոպա, Կանադա, Ավստրալիա և ԱՄՆ։
Փախստականների այս ճգնաժամը համարվում է խոշորագույնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 2016թ. սիրիական հակամարտության ժամանակ ռեկորդային թվով երեխա է մահացել. ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 650 երեխա։
Սիրիային պատուհասած աղետից անմասն չմնաց նաև մայր գաղութ համարվող սիրիահայ համայնքը: Ըստ տարբեր տվյալների՝ միայն Հալեպում մոտ 130 հայ զոհվել է, 379-ը՝ վիրավորվել։










