Երևանում մեկնարկեց Brain Awareness Week միջազգային արշավը, որի նպատակը հասարակությանն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին իրազեկումն է

17:28 • 12.03.18

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Brain Awareness Week միջազգային արշավը: Բացումը կատարեց համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Նա ողջունեց մի քանի տասնյակ մասնագետներին և հայտարարեց, որ այս միջոցառումը ճանաչելի է դարձնում ուղեղը ոչ միայն մասնագետների ու գիտնականների, այլև հասարակ քաղաքացիների համար:

Պրոռեկտորը նկատեց, որ 76 մասնակից-կառույցներից ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը Federation of European Neuroscience Societies-ի (FENS) կողմից ստացել է միջոցառումն անցկացնելու իրավունքը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է այն՝ հանուն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին հասարակության տեղեկացվածության։

«Երևանի պետական բժշկական համալսարանը «Նեյրոգիտության ասոցիացիայի» կողմից ստացավ լիցենզավորված միջոցառում իրականացնելու բացառիկ հնարավորություն և մեր տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ գիտնականից մինչև շարքային քաղաքացի ներկայացնելու, թե ինչ է նշանակում ուղեղը: Ցանկանում ենք ուղեղը դարձել ճանաչելի բոլորի համար. խնդիրը բավականին արդիական է, որովհետև համաշխարհային գիտության մեջ այսօր թրենդն ուղեղի հետազոտությունն է: Ընդ որում՝ ուղեղի հետազոտությունը՝ սկսած մոլեկուլյար մակարդակից, վերջացրած արհեստական ինտելեկտով. դա այսօրվա գիտության ամենալուրջ մարտահրավերներից է»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը տեղեկացրեց, որ այսօր արդեն իսկ Բժշկական համալսարանը զբաղվում է ուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, աուտիզմի ուսումնասիրությամբ: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է հասկանալ, թե ծերունական ուղեղում հնարավո՞ր է վերականգնել բջիջները:

«Ինչպես նաև մի քանի տարի է՝ զբաղվում ենք աուտիզմի խնդրով, որն ախտահարում է երեխաներին, թե ինչ փոփոխություններ են կատարվում երեխայի ուղեղում, որն այսօրվա լուրջ մարտահրավերներից է: Գիտության ասպարեզում մենք փորձում ենք մեր խոսքն ասել»,-ընդգծեց Ենկոյանը:

Մեկ շաբաթ տևողությամբ Brain Awareness Week միջոցառումն անցկացվում է հարյուրից ավելի երկրներում ամեն տարի, հասարակության լայն շրջանակներում մարդու ամենազարմանահրաշ օրգանի՝ ուղեղի մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով:

Երևանում անցկացվող միջոցառման կազմակերպմանը մասնակցում են ոչ միայն հայաստանցի, այլ նաև Բժշկական համալսարանի արտասահմանցի բժիշկ-ուսանողները՝ իրենց ուրույն դերը ունենալով այս արշավի մեջ:

Այսօր առաջին ելույթի իրավունքը վերապահվեց ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանին, ով խոսեց հյուսվածքային ինժեներիայի մասին:

Հավաքված մասնակիցներն էլ, որոնք հիմնականում ուսանողներին էին, նշեցին, որ միջոցառմանը մասնակցում են մեծ ոգևորությամբ և ակնկալիքով, որ իրենց գիտելիքները կավելանան:

Շաբաթվա ընթացքում ուսանողները այցելելու են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներ, որպեսզի աշակերտներին իրազեկեն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին, սովորեցնեն ճանաչել դրանք և ցույց տալ համապատասխան առաջին բուժօգնություն։ Ուսանողները լսելու են դասախոսություններ Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականների կողմից, իսկ շաբաթվա վերջում կազմակերպվելու է կինոդիտում՝ նոր ձեռք բերված գիտելիքները ամփոփելու և ամրապնդելու նպատակով:













 

ՀեղինակԱնի Օհանյան