Մեծ Բրիտանիայում շների ցուցադրությունն ավարտվել է բողոքի ակցիայով (տեսանյութեր)

13:23 • 12.03.18

Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքում անցկացված շների ցուցադրությունն (Crufts) ավարտվել է խառնաշփոթով, երբ մրցանակաբաշխության արարողության ժամանակ անհայտ անձինք ուղիղ եթերում վազել են դահլիճ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Twitter-ի օգտատերերից մեկը:

«Դրամա՝ Crufts-ի ժամանակ. անվտանգության ծառայությունը ստիպված է եղել վնասազերծել «հարձակվողին» «Շոուի լավագույն մասնակիցը» անվանակարգի հաղթողին ընտրելու ժամանակ»,- գրել է նա:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է շանը գրկած կինը ներկայանում մրցանակ ստանալու համար, դնում կենդանուն պատվանդանի վրա, այնուհետև անհայտ անձն ու անվտանգության ծառայության աշխատակիցները վազում են նրա կողքով: Այդ պահին կինը վերցնում է շանն ու հեռանում:

Ինչպես նշում է The Independent-ը, սա բողոքի ակցիա էր, որի պատասխանատվությունը ստանձնել է PETA կազմակերպությունը («Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի»):

PETA-ի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, որ ցուցարարները երկուսն են եղել՝ տղամարդ ու կին՝ «Crufts. շների եվգենիկա» գրությամբ պաստառով:

Եվգենիկան ուսմունք է մարդկային ցեղի և դրա ժառանգական հատկանիշների լավացման մասին: