Արամ Աթեշյանի անունն այլևս դժգոհության առարկա է, ժողովուրդը նրան տեսնել չի ցանկանում. Բագրատ Էստուկյան
Արամ Աթեշյանի անունն այլևս դժգոհության առարկա է, դժգոհության նյութ է, ժողովուրդը նրան տեսնել չի ցանկանում: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մատնանշելով թարմ մի միջադեպ:
«Երեկ երեկոյան Ստամբուլի «Մարալ» երգի-պարի խումբը հյուրընկալել էր հայաստանյան «Թաթուլ Ալթունյան» երգի-պարի խմբին: Դահլիճում նստած էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, և երբ հիշատակվեց նրա անունը, սրահում սուլոցներ, դժգոհություններ եղան իր հասցեին»,- պատմեց նա։
Դիտարկմանը, թե Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մշտապես ասում է, թե իր՝ փոխանորդի աթոռին վերադառնալու հետ կապված դժգոհողների թիվը մեծ չէ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․«Երեկվա աղմուկը հաշվի առնելով՝ չեմ կարող ասել, որ սրահն ամբողջությամբ, բայց հայտնի է, որ տասը-քսան հոգի չէին, նվազագույնը մի քանի հարյուր հոգու սուլոց էր»։
Խոսելով Ստամբուլի Գեդիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախկին ղեկավար Հարություն Շանլըիի կոչի մասին՝ ուղղված Թուրքիայի խորհրդարանում մանդատ ունեցող երեք հայազգի պատգամավորներին, պատրիարքի ընտրության համար ընդհանուր ծրագիր մշակելու և գործի անցնելու նպատակով՝ պոսահայ խմբագիրը նշեց, որ իրականում պետք է համայնքում ինչ-որ բան կազմակերպվի առաջիկա շրջանում:
«Շատ երևելի ընթացք չէ: Մարդ ուրախ չէ կառավարության թելադրանքից, հետևաբար դժգոհությունն ալիք առ ալիք պետք է շարունակվի»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը նկատեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ձգտում է հիմա թուրքալեզու լրատվամիջոցների շնորհիվ ստեղծել տպավորություն, թե համայնքում համերաշխություն կա, անընդհատ պնդում է, որ դժգոհողները մի քանի հոգի են, համայնքում իրականում համերաշխություն է:
«Դա ճիշտ չէ, սուտ է: Համերաշխություն չկա, համատարած դժգոհություն է տիրում»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ հիմա պարզապես տարակուսած են, որովհետև սովոր էլ չեն, չգիտեն՝ այս տեսակի բողոքի ցույցերը որտեղ անցկացնել. որտեղ էլ անում են, ասում են՝ սա տեղը չէ բողոքի:
Հիմա, ըստ Բագրատ Էստուկյանի, համայնքը ստիպված պետք է լինի քայլեր ձեռնարկել՝ պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխելու, ընտրություններ անցկացնելու համար: Սակայն նա նշեց, որ այնուամենայնիվ մեծ հույսեր չի կապում համայնքի բողոքի հետ. երկրում ընդհանրապես տիրող վիճակը՝ հազարավոր ձերբակալությունները, համայնքին հետ է պահում կտրուկ գործողություններից, և դժվար թե բողոքի ցույցով փողոց դուրս գան:
«Սակայն Արամ Աթեշյանի անունը մաշված է այլևս, այլևս հարգանք չի վայելում: Հետևաբար՝ ժողովրդի համար հիմա տանելի չէ իրավիճակը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ միայն Թուրքիայի խորհրդարանում եղած հայազգի պատգամավորները միայնակ ոչինչ չեն կարող անել:
«Միայն Կարո Փայլանը, որը ամենաշատն է այդ հարցը խորհրդարանում բարձրացնում, ոչինչ չի կարող անել, եթե համայնքը չհամախմբվի և չպայքարի»,- ասաց նա:










