Սլովակիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել լրագրողի սպանության հետևանքով ստեղծված ճգնաժամի ֆոնին
Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է հրաժարական տալու մասին, հայտնում է Financial Times-ը: Հրաժարականի պատճառ է դարձել փետրվարի 25-ին լրագրող Յան Կուցիակի սպանությունը:
«Կարևոր է պահպանել երկրում կայունությունը, այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- հայտարարել է Կալինյակը:
Ավելի վաղ Սլովակիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջել են ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Սլովակիայի քաղաքներում տեղի ունեցած ցույցերն ամենաբազմամարդն են եղել անկախության 25 տարվա ընթացքում:
Ավելի վաղ Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան հայտարարել է, որ երկու ելք է տեսնում լրագրողի սպանության պատճառով երկրում հասունացող քաղաքական ճգնաժամից՝ կառավարության մասշտաբային վերափոխում կամ արտահերթ ընտրությունների անցկացում:
Հիշեցնենք, որ լրագրողը սպանվել է մաֆիայի հետ Սլովակիայի կառավարության կապերը հետաքննելու համար: Նրան իր ընկերուհի Մարտինա Կուսնիրովայի հետ սպանված էին հայտնաբերել Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր տանը: Մի քանի օր անց հրաժարական է տվել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը, ում պաշտոնական ենթակայության տակ են գտնվում երկրի լրագրողները:










