ՌԴ նախագահի բոլոր թեկնածուների շրջանում ամենաբարձր հակառեյթինգը պատկանում է Սոբչակին, ամենացածրը՝ Պուտինին. հարցում
ՌԴ նախագահի բոլոր թեկնածուների շրջանում ամենաբարձր հակառեյթինգը սոցիոլոգները գրանցել են Քսենիա Սոբչակի նկատմամբ (82%), Վլադիմիր Պուտինի մոտ այն չի փոխվում և կազմում է 6 տոկոս: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ո՞ւմ օգտին դուք ոչ մի հանգամանքում չեք քվեարկի»: Հարցումներն անց են կացվել մարտի 3-4-ը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի օգտին ոչ մի դեպքում չի քվեարկի հարցման մասնակիցների 24 տոկոսը, այդ թիվն աճել է երկու ամսվա ընթացքում՝ հասնելով 20-ից 24 տոկոսի:
Սոցիոլոգի խոսքով՝ հետաքրքիր է, որ Վլադիմիր Ժիրինովսկիի ցուցանիշը 36 տոկոս է, քանի որ նա միշտ եղել է հակառեյթինգի առաջատարը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն մարտի 18-ին, ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու։










