Միացյալ Նահանգները պատրաստ է հարված հասցնել Սիրիային, եթե մարտերը Դամասկոսի մոտ չդադարեն. Նիկի Հեյլի

22:40 • 12.03.18

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը ընդունակ չլինի հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը Արևելյան Ղուտա շրջանում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս նախազգուշացմամբ Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Դրանից քիչ առաջ ամերիկյան պատվիրակությունը բանաձևի նախագիծ է տարածել, որով պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Դամասկոսում և դրա մերձակայքում:

Հեյլին հիշեցրել է, որ 2017-ի ապրիլին ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերի ավիաբազայի ուղղությամբ, որտեղից, արևմտյան երկրների պնդմամբ, ինքնաթիռները թռել էին Խան-Շեյխուն քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար:

«Անվտանգության խորհուրդը չի կարողացել ազդել, և ԱՄՆ-ը հաջողությամբ հարված է հասցրել ավիաբազայի ուղղությամբ, որտեղից Ասադն իրականացրել է իր քիմիական հարձակումը: Այսօր մենք կրկնում ենք այդ նախազգուշացումը», - շեշտել է Հեյլին: