Չինաստանում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցի, որը մեծացրել էր իրեն (լուսանկարներ, տեսանյութ)

23:52 • 12.03.18

Չինաստանում կենդանաբանական այգու աշխատակիցը դարձել է վագրի զոհը, որին նա փոքրուց մեծացրել էր:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ այգու աշխատակիցը, որի անունը նշվում է որպես պարոն Վու, վագրի հետ գտնվում էր հսկայական մետաղյա վանդակում, որը կրկեսի համար նախատեսված հարթակ է եղել: Սովորաբար իրեն հանգիստ պահող վագրը հանկարծակիորեն հարձակվել է տղամարդու վրա և հոշոտել նրան:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի Ֆուջիան նահանգի Ֆուչժոու քաղաքում, երբ տղամարդը վարժեցնում էր կենդանուն:

Ինչպես նշում են Ֆուչժոուի կենդանաբանական այգուց, պարոն Վուն վագրին մեծացրել էր փոքր հասակից և կենդանուն ընտելացրել էր մարդկանց հետ հաճախակի շփումներին:

Ականատեսներից մեկը տեսագրել է, թե ինչպես է վագրը կանգնած աշխատողի անշնչացած մարմնի կողքին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ չինական մամուլում տարածված մեկ այլ տեսանյութում երևում է, որ կենդանին փորձում է ճանկռոտել նրա մարմինը, մինչդեռ մեկ այլ աշխատակից փայտով փորձում է հեռու պահել վագրին: