Հզոր երկրի հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է.  Ս. Բագրատյանը՝ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին (տեսանյութ)

15:16 • 14.03.18

Մենք այսօր Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու խնդիր ունենք, որը կարող ենք անել ներկայացնելով, բարձրաձայնելով խնդիրը, հասցնելով միջազգային կառույցներին, որ, ազգերի ինքնորոշման իրավունքից ելնելով, պետություն է հիմնադրվել, իսկ այդ պետության ճանաչում անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության համար: Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ շեշտելով, թե ամեն ինչ պետք է արվի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ: Բագրատյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ-ն կատարած այցն էլ վերոնշյալ համատեքստում է դիտարկում:

«Ի վերջո, Միացյալ նահանգներն այսօր քաղաքականություն թելադրող հզորագույն պետություն է, իհարկե, պետք է այդ պետության հետ աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրները, փորձել դրական իմիջ ապահովել, որպեսզի մեր գերխնդիրը՝ Արցախի ճանաչումը, դառնա օրակարգային»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այցի արդյունքներին, հաշվի առնելով նաև այն, որ Գլենդեյլի փողոցներից մեկը հնարավոր է անվանակոչվի Արցախի անունով, պատգամավորն ասաց, թե ցանկացած դրական տեղաշարժ իր լուման է ունենում Արցախի միջազգային ճանաչման հարցում: Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ–ն խնդիր ունի աշխարհին ներկայացնելու իր ցավը, ասելու, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է ազատ հայրենիք ունենալու:

«Արցախն արդեն կատարել է իր պետականության քայլերը՝ ունի իր Սահմանադրությունը, Կառավարությունը, նախագահը, ընտրություններ անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, այսինքն՝ պետություն ունենալու ինստիտուտներն արդեն կայացել են: Արցախն իրավունք ունի պահանջելու ճանաչում: Պահանջների ձևակերպման տարբեր ձևաչափեր կան, իհարկե, հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:




 

ՀեղինակԱնի Օհանյան
Հզոր երկրի հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է.  Ս. Բագրատյանը՝ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին (տեսանյութ)