Կեմերովոյի առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուներից մեկը հայտարարել է, որ չի իմացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու Գեորգի Սոբոլևը դատարանի դահլիճում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել շենքի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին, հայտնում է «РИА Новости»-ն:
«Վերջին շրջանում առևտրի կենտրոնը բավական բարձիթողի վիճակում էր գտնվում... Հրդեհային ազդանշանային համակարգի տեղադրման համար պայմանագրային կազմակերպություն է վարձվել... Ես չեմ իմացել ազդանշանային համակարգի անսարքության մասին: Անսարքության մասին ինձ ոչ ոք չի տեղեկացրել», - ասել է Սոբոլևը դատարանում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Հրդեհի գործով ձերբակալվել է 5 մարդ։ Առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկն այսօր կալանավորվել է երկու ամիս ժամկետով։










