Ականի պայթյունից վիրավորվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր. Արցախի առողջապահության նախարարություն
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հայտնված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են:
Տեղեկացվում է նաև, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:










