Չեխիան ԱՄՆ-ին է հանձնել ռուս հաքերին

18:32 • 30.03.18

Չեխիան ԱՄՆ-ին է հանձնել ռուս Եվգենի Նիկուլինին, որը մեղադրվում է LinkedIn և այլ սոցցանցերի վրա հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Նիկուլինին Պրահայից ինքնաթիռով ուղարկել են ԱՄՆ: Այս տեղեկությունն իր թվիթերյան էջում հաստատել է Չեխիայի արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Թերեզա Սխեյբալովան՝ մանրամասնելով, որ ինքնաթիռը գիշերն է մեկնել:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը օրեր առաջ պաշտոնական այց էր կատարել Պրահա, որի ժամանակ քննարկվող թեմաներից մեկը 30-ամյա Նիկուլինին արտահանձնելու ԱՄՆ-ի պահանջն էր: 

Նիկուլինը Պրահայում ձերբակալվել էր 2016-ի հոկտեմբերի 5-ին՝ Ինտերպոլի տրամադրած  միջազգային ձերբակալման հրամանի համաձայն: ԱՄՆ-ն Նիկուլինին մեղադրում է հաքերային հարձակումներ իրականացնելու և LinkedIn, Dropbox և այլ IT ընկերությունների շուրջ 117 մլն օգտատիրոջ տվյալներ գողանալու մեջ: Մոսկվան նույնպես պահանջել է իրեն հանձնել Նիկուլինին՝ վերջինիս մեղադրելով 2009-ին համացանցի միջոցով կազմակերպված գողության մեջ: