Ակցիաներ են իրականացվում, և ձվի գները նվազում են, Զատկին մոտենում ենք բավականին մեծ քանակի մնացորդով. Սերգեյ Ստեփանյան

21:11 • 30.03.18

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Սուրբ Զատկին մոտենում ենք բավականին մեծ քանակի մնացորդով, և մտահոգություն չկա, որ պահանջարկը չի բավարարվի:

«Մասնագիտացած արտադրությունների և ֆերմերային տնտեսությունների կողմից օրական արտադրվում է 2500-2600 արկղ ձու, որից հարյուրը պահեստավորում ենք. Զատիկի օրերին սպառումը օրական հասում է 2800 արկղի»,-ասաց նա:

Նա նշեց, որ արդեն երրորդ օրն է՝ ակցիաներ են իրականացվում, և ձվի գները նվազում են: «Այսինքն՝ սովորաբար, եթե մենք 01՝ միջին կարգը, որն ամենից շատն է արտադրվում, վաճառվում էինք 60 դրամով, հիմա կարելի է հանդիպել 54-55 դրամով»,-ասաց նա:

Նա նշեց, որ արդեն մի քանի տարի Զատկի ձուն ապահովում են տեղական արտադրողները:

«Մենք անցած Նոր տարվա նախօրյակին խնդիր ունեցանք, դրա համար մոտ 8 միլիոն ձու ներկրեցինք. դա բացատրեցինք նրանով, որ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին սահմանները փակ են եղել և չենք կարողացել հավերի սերնդափոխությունն ապահովել»,-ասաց նա և նշեց, որ այս տարի ոչ մի հատ ձու չի ներկրվել:

Թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ ձուն երբեք շատ չի լինում: «Սոցիալապես անապահով խավի համար ձուն փոխարինում է և՛ մսին, և՛ մնացած ուտելիքներին, քանի որ այն կալորիականությամբ հավասար է մեկ կգ տավարի մսին: Գինը իջնում է, ժողովուրդը գնում է: Վերջին երեք տարիների ընթացքում մեկ շնչի հաշվով տարեկան սպառումը 208 ձվից հասել է մինչև 230 ձվի, դա խոսում է այն մասին, որ ձուն շարունակում է մնալ ամենաէժան, որակով մթերքը»,-ասաց նա: