Թուրքմենստանի նախագահը որդուն նշանակել է երկրի փոխարտգործնախարար

23:42 • 30.03.18

Թուրքմենստանի նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, նշանակվել է երկրի արտաքին գործերի փոխնախարար: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ տեղեկացրել է թուրքմենական հեռուստատեսությունը:

Համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Սերդար Բերդիմուհամեդովը ծնվել է 1981 թվականին: Ավարտել է Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանը՝ ինժեներ-տեխնոլոգ մասնագիտությամբ: Այնուհետև ուսանել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, ինչպես նաև Ժնևի Անվտանգության քաղաքականության կենտրոնում:

Մարտի 25-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում վերջինս ընտրվել է Մեջլիսի պատգամավոր: