Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլարշավով գալիս է Երևան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հայտարարեց քայլարշավի մեկնարկի մասին, որը նպատակ ունի ծանուցել հանրությանը Նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարի մասին:
Փաշինյանն ասաց, որ 14 օր քայլելու է, ոտքով գալու է Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է հանրահավաք: Քայլերթի ընթացքում, պատգամավորի փոխանցմամբ, ինքն այցելելու է Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան և մի քանի այլ քաղաքներ:
«Ուզում եմ իմ ներողության խոսքերն ասել այն քաղաքներին, որով մենք չենք անցնելու: Մտովի քայլելու ենք բոլորի հետ: Մենք ընտրել ենք այս երթուղին՝ որպես տրամաբանություն ունենալով Հայաստանի իր մեծությամբ առաջին, երկրորդ քաղաքները: Այս քայլարշավով ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար կամարտահայտության հարթակ ստեղծվի»,– ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է վարչապետ դառնալ։ «Մենք սա պետք է թույլ չտանք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Երևան քայլելու ճանապարհին գյումրեցիները պատգամավորից հետաքրքրվում էին՝ ո՞ւր եք գնում, Փաշինյանը պատասխանում էր. «Երևան եմ գնում»:
Բնակիչներից մեկն էլ ասաց. «Կառավարությունը փոխեք, որ լավ լինի», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Էդ ա, գնում ենք փոխելու»:










