Սաուդյան Արաբիայի գահաժառանգն առաջին անգամ խոստովանել է, որ Ասադը «դժվար թե հեռանա պաշտոնից»
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դժվար թե հեռանա պաշտոնից, և կարևոր է, որ նա գոնե «խամաճիկ» չդառնա Իրանի ձեռքում։
Մինչ այս Էր Ռիադը մշտապես կրկնել է, որ Ասադը պետք է հեռանա պաշտոնից։
«Բաշարը մնում է։ Սակայն ես հավատում եմ, որ Բաշարի շահերի մեջ չի մտնում իրանցիներին տալ այն ամենը, ինչ նրանք ուզում են»,- ասել է սաուդացի քաղաքական գործիչն ամերիկյան Time-ին տված հարցազրույցում։
Օրերս էլ հեղինակավոր The Wall Street Journal-ի հետ զրույցում 32-ամյա թագաժառանգն ասել էր, որ իրանական ռեժիմի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել զինված հակամարտությունից:
«Սակայն եթե մեր փորձերը ձախողվեն, մենք, հավանաբար, 10-15 տարուց Իրանի հետ պատերազմի մեջ կլինենք»,- նախազգուշացրել էր թագաժառանգը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը խիստ լարված հարաբերություններ ունեն: Սաուդյան Արաբիան այն պետություններից էր, որոնք խիստ դեմ էին 2014թ. կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների չեղարկմանը:
Պատճառն այն է, որ Իրանը մերձարևելյան տարածաշրջանում լուրջ խաղացող է և ազդեցության մեծ լծակներ ունի, իսկ դա դուր չի գալիս սաուդացիներին: Բացի այդ, կասկածներ կան առ այն, որ Իրանի իշխանությունները զինում են Եմենում հաստատված հութի զինյալներին, որոնք էլ իրանական զենքերով կռվում են Սաուդյան Արաբիայի դեմ:
Մինչդեռ Իրանը հերքում է հութիներին զինելու մեղադրանքն ու պնդում, որ Սաուդյան Արաբիան մերձարևելյան տարածաշրջանում ապակայունացնողի դեր ստանձնած երկիր է:










