Կեմերովոյի առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր ընկերության ղեկավարը հայտնել է, որ իրեն մեղավոր է համարում
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան դատարանի դահլիճում այսօր հայտնել է, որ իրեն մեղավոր է համարում մարդկանց զոհվելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Յուլյա Բոգդանովային մեղադրանք է առաջադրվել հակահրդեհային անվտանգության պահանջների խախտման համար, ինչը հանգեցրել է զոհերի։ ՌԴ Քննչական կոմիտեի համաձայն՝ Բոգդանովայի ենթակաները բազմիցս նրան ասել էին կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքությունների մասին, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նշվում է, որ գլխավոր տնօրենը «զբաղվել է միայն նոր առևտրային հարթակներ վարձակալության տալով»։
Նա պատմել է, որ այդ օրը փորձել է փրկել մարդկանց հրդեհից։
«Ես շատ եմ ցավում, որ հրշեջները չթողեցին ինձ մտնել շենք։ Ես արել եմ ամեն բան, որպեսզի առևտրի կենտրոնի այցելուներն անվտանգության մեջ լինեն, նրանց համար հարմարավետ լինի...»,- ասել է նա։
Ավելի վաղ Բոգդանովայի փաստաբանն ասել էր, որ նա իրեն մեղավոր չի համարում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։
Ի դեպ, ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնը, ուրում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության։










