Կեմերովոյի հրապարակում «Զիմնյայա վիշնյա»-ի հրդեհի զոհերի հիշատակին զանգվածային հանրահավաք կազմակերպելու նախապատրաստություն է ընթանում
ՌԴ Կեմերովո քաղաքի Խորհուրդների հրապարակում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի հիշատակին զանգվածային հանրահավաք կազմակերպելու նախապատրաստություն է ընթանում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այժմ հրապարակը շրջափակված է ոստիկանական պատնեշով, ամենուր իրավապահներ են կանգնած։
Աղբյուրը հաղորդում է, որ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը չի այցելել ողբերգության վայր ու չի հանդիպել բնակիչների հետ, իսկ փոխմարզպետը դեպքից հետո հավաքված ցուցարարներին ասել էր, որ նրանք «ողբերգության հաշվին փիար են անում»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ Երեկ հաղորդվել է, որ Կեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։
Ի դեպ, ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնը, ուրում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության։










