Ճապոնուհու կորցրած ֆոտոխցիկը երկու տարվա ընթացքում լողացել է շուրջ 250 կմ ու հրաշքով գտնվել անվնաս (լուսանկարներ)

23:33 • 04.04.18

Թայվանի կղզու լողափերից մեկում աղբահավաք իրականացնող դպրոցականները նկատել են ջրակայուն պատյանով ֆոտոխցիկ, որն արդեն պատել էին ջրիմուռները, գրում է meduza.io-ն:

Երբ երեխաներն ու նրանց ուսուցիչ Փարք Լին հանեցին խցիկը պատյանից՝ պարզվեց, որ այն չի տուժել ջրից և աշխատում է:

Լին զննեց եղած լուսանկարները՝ բազմաթիվ կադրերում պատկերված էր նույն աղջիկը, որոշ լուսանկարներում էլ երևում էին ճապոներեն գրություններով վահանակներ:

Լին ենթադրել է, որ ֆոտոխցիկի տերը երիտասարդ ճապոնուհին է, ով 2015 թվականի սեպտեմբերին սուզվել էր ծովը. վերջին լուսանկարն արված էր սեպտեմբերի 7-ին:

Իրենց գտածոյի մասին ուսուցիչը գրեց սոցցանցերից մեկի իր էջում՝ կից հրապարակելով մի քանի լուսանկար: Եվ նրա ջանքերն իզուր չանցան:

Օրեր անց Լիի հետ կապ հաստատեց Սերինա Ցուբակիհարան, ով Տոկիոյում Սոֆիայի համալսարանի ուսանողուհի է և 2015 թվականին Իսիգակի կղզում դայվինգով զբաղվելիս կորցրել է ֆոտոխցիկը ջրային սուզման ժամանակ:

Հունիս ամսին ճապոնուհին մտադիր է այցելել Թայվան ու հատուկ շնորհակալություն հայտնել Լիին ու նրա աշակերտներին: