Սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումայի նկատմամբ՝ իր ենթակայության տակ առնելով ամբողջ Արևելյան Ղուտան
Սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը հանդիսանում էր Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն, գրում է РИА Новости գործակալությունը:
Լուրը ռուս պաշտոնյան մեկնաբանել է որպես Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության մեջ նշանակալից իրադարձություն՝ ընդգծելով, որ Դումայի հանդեպ վերահսկողության ամբողջական սահմանումը նշանակում է փաստացի ենթակայության տակ առնել ամբողջ Արևելյան Ղուտան:
Պաշտոնյայի խոսքով՝ վաղվանից Դումայում տեղի անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման ու բնակիչներին ուղղված օգնության կազմակերպման նպատակով կգործի նաև ռուսական ռազմական ոստիկանություն:
Հայտնի է, որ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի հետ համատեղ իրականացվում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման՝ Դումայում մնացած վերջին գրոհայինների դուրսբերումը:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրն իր հերթին տեղեկացրել է, որ հանձնված գրոհայիններն իրենց են հանձնել ավելի քան 400 միավոր զենք, այդ թվում ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ և այլն:
Ընդհանուր առմամբ, Դումայից հաջողվել է դուրս բերել 165 000 մարդու և ազատել գրոհայինների մոտ պահվող 250 պատանդի:
Պոզնիխիրը նաև շեշտել է, որ Դումայի բնակիչներին մատակարարվում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ թե՛ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի, թե՛ ՄԱԿ-ի կողմից:










