Ալ Պաչինիոն ու Միշել Փֆայփֆերը վերամիավորվել են «Սպիավոր դեմքը» ֆիլմի 35-ամյակի առթիվ (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղեր Ալ Պաչինոն ու Միշել Փֆայփֆերը տարիներ անց վերամիավորվել են ռեժիսոր Բրայան դե Պալմայի արդեն դասական դարձած «Սպիավոր դեմքը» ֆիլմի ստեղծման 35-ամյակի առթիվ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմի գլխավոր դերակատարները նկարահանումների ժամանակ 25 (Փֆայփֆեր) և 43 (Պաչինո) տարեկան են եղել: Այն ժամանակ Փֆայփֆերն իր աստղային ապագայի մասին ոչինչ չկասկածող սկսնակ դերասանուհի էր, մինչդեռ Ալ Պաչինոն արդեն մեծ ճանաչում էր վայելում «Կնքահայրը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում նկարահանվելուց հետո:
Աղբյուրը մանրամասնում է, որ գանգսթերային ֆիլմի 35-ամյակը նշվել է Նյու Յորքում ընթացող «Տրայբեկա» կինոփառատոնի ժամանակ: Հայտնի է, որ 77-ամյա Պաչինոյին ու 59-ամյա Փֆայփֆերին են միացել նաև ֆիլմի մյուս դերասանները:
«Սպիավոր դեմքը» ֆիլմի սցենարը գրվել է օսկարակիր Օլիվեր Սթոունի կողմից: Այն պատմում է կուբացի ներգաղթյալ Թոնի Մոնտանայի մասին, որը ղեկավարում է նարկոկարտել ու չի կարողանում դիմակայել ագահության զգացողությանը:
Մինչդեռ Փֆայփֆերը մարմնավորում է Էլվիրային՝ այն կնոջը, որի հետ Մոնտանան ամուսնանում է՝ սպանելով նրա ամուսնուն:
Փֆայփֆերի խոսքով՝ նկարահանումների ժամանակ ինքն ուղղակի սովամահ էր լինում, քանի որ խաղում էր թմրամոլի դեր ու պետք է շատ հյուծված տեսք ունենար:

















