Կենսաբանները պարզել են, որ սև շոկոլադը բարելավում է տեսողությունը

21:42 • 26.04.18

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ մեծ քանակությամբ շոկոլադի օգտագործումը կարող է վերականգնել և նույնիսկ բարելավել տեսողությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով հետազոտության հրապարակված արդյունքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացիկ գնահատումների համաձայն՝ Երկրի վրա շուրջ 1.5 մլն մարդ կարճատեսություն ունի: Տեսողական խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների թիվը գնալով աճում է անցյալ դարի կեսերից ի վեր: Այս հանգամանքի պատճառ, ինչպես կարծում են գիտնականները, ոչ միայն սոցիալական գործոններն ու աչքերի աճող ծանրաբեռնվածությունն է, այլ նաև գեները:

Կարճատեսության տարածվածությունն ստիպում է կենսաբաններին և բժիշկներին նոր մեթոդներ փնտրել տեսողության վատթարացման դեմ պայքարում:

Ամերիկյան Սան Անտոնիոյի համալսարանի գիտնականները ստուգել են տեսողության բարելավման համար շոկոլադի կիրառման ժողովրդական «տեսությունը», ինչի համար նրանք ուսումնասիրություն են անցկացրել 3 տասնյակ կամավորների շրջանում:

Ինչպես արդյունքները ցույց են տվել, սև շոկոլադի կիրառումը որոշակիորեն բարելավել է աչքերի աշխատանքը՝ մեծացնելով տեսողության հստակությունը, սակայն նման արդյունքի չի հանգեցրել կաթնային շոկոլադը: Գիտնականների խոսքով՝ շոկոլադի ազդեցությունը մեծ չի եղել, սակայն չի անհետացել ցանկացած ստուգման պարագայում, ինչը նշանակում է, որ շոկոլադն իսկապես դրական ազդեցություն է գործում աչքի աշխատանքի վրա: