Որ պահից չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

13:31 • 11.05.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին, ըստ որի՝ «վտանգավոր այս իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, քանի որ եթե մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով,  խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդեցություն չի ունենա»:  

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ հանրային աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով:

«Որ պահից չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած ծրագիրը շարունակվում է այնպես, ինչպես հայտարարվել է պաշտոնապես:  

Նա նշեց, որ մտադիր չէ կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու գործընթացը տապալել: Հարցին՝ իսկ եթե կառավարությունը ծրագիրը հաստատվի,  կա՞ն այլ հնարավորություններ ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե Սահմանադրությունը ուշադիր կարդաք, կարծում եմ՝ կտեսեք, որ այդ հնարավորությունները կան»:  

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ի՞նչ ժամկետում կլինեն. վարչապետ Փաշինյանը նշեց, որ քննարկումների ընթացքում կորոշեն: «Ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետում»,-ասաց նա:  

Լրագրողները Փաշինյանից նաև հետաքրքրվեցին, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ի՞նչ կարգի բնակարան կհատկացվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ լուծումները պետք է լինեն համարժեք այն լուծումներին, ինչ կիրառվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք:  

Հարցին, թե կառավարությունում կա՞ն մարդիկ, ովքեր կշարունակեն պաշտոնավարել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»:  

Կոնկրետ հարցին, թե օրինակ՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կմնա՞, Նիկոլ
Փաշինյանը նշեց, որ սփյուռքի նախարարը չի շարունակի աշխատել:

«Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխության պլան չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, բայց Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն Սփյուռքի և հայապահպանության շրջանակներում, այլ դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»: