Սաուդյան Արաբիայում առաջին անգամ վարորդական իրավունք է տրամադրվել կին վարորդներին
Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունն առաջին անգամ վարորդական իրավունք է տրամադրել կանանց, որոնք փոխարինել են միջազգային ճանաչում ունեցող վարորդական իրավունքը երկրի վարորդական իրավունքով: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչության Twitter-ում:
Ճանապարհային ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում սպան ողջույնի խոսքից ու հրահանգներից հետո աղջկան է տալիս վարորդական իրավունքը, և վերջինս շնորհակալություն է հայտնում ոստիկանների ծափահարությունների ներքո:
Նշվում է, որ կին վարորդներին առաջին վարորդական իրավունքներ տրամադրելու արարողությունն անցկացվել է մի քանի քաղաքում:
Հիշեցնենք, որ կանայք Սաուդյան Արաբիայում մեքենայի ղեկին նստելու հնարավորություն կստանան հունիսի 24-ին:
Անցյալ տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորը հրամանագիր էր ստորագրել, որով առաջին անգամ թույլատրում էր կանանց մեքենա վարել:










