Ավարտվեց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հանդիպումը Վեհափառի հետ

16:59 • 07.06.18

Քիչ առաջ ավարտվեց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հանդիպումը Կաթողիկոսի հետ:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն արձանագրել է, որ Կաթողիկոսը պետք է գահը թողնի: Նա նշեց, որ որևէ եկեղեցականի հետ որևէ խնդիր չունեն, այլ իրենց խնդիրը եկեղեցու առաջնորդի հետ է, ով, իրենց կարծիքով, չունի բավարար հեղինակություն, որպեսզի այդ կառույցն առաջնորդի:

Նախաձեռնության անդամը նշեց, որ փաստերով անվանական հարցադրումներ են դրել և դուրս են եկել համոզումով, որ Կաթողիկոսը պետք է թողնի գահը, քանի որ չունի բավարար հեղինակություն, սեր, հարգանք: Նա ասաց, որ փաստերից մեկն այն է, որ բազում նամակներ են եղել Կաթողիկոսին ուղղված, որոնք մնացել են անպատասխան:

«Մյուս փաստերը վերաբերում են բիզնեսներին, կաթողիկոսի վարկանիշին»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին հրապարակումներ են եղել մամուլում, կայքերում:

«Մենք արել ենք հարցում, և ըստ հարցման տվյալների՝ հասարակության 97 տոկոսն ասել է, որ Կաթողիկոսն իրենց համար հեղինակություն չէ»,- ասաց նա:

Կարեն Պողոսյանը նշեց, որ շարունակում են իրենց ակցիաները, ամեն օր՝ 18:30-ին, անելու են խաչերթեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց:

«Շատ եպիսկոպոսներ այսօր կիսում են մեր տեսակետը: Մենք ստիպված եղանք խնդրել եպիսկոպոսներին, որ հորդորեն իրենց եղբայրներին, որ այնպես չլինի՝ այս շարժումը այնքան մեծ «ձնագնդի դառնա», որ հետո անդառնալի հետևանքներ ունենա: Նա ոչինչ չասաց և հեռացավ: Մենք խնդրում ենք, սիրելի՛ եպիսկոպոսներ, դուք ունեք հնարավորություն հայ եկեղեցին վերադարձնել հայ ժողովրդին: Մենք ասացինք՝ Վեհափա՛ռ, դուք կտրվել եք իրականությունից, քանի որ չեք կարծում, որ որևէ հարցում մեղավոր եք»,-ասաց նա: