Կառավարության նոր նախագծով առաջարկվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկը վերաբերում է գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Նախագծերի անհրաժեշտությունն այն է, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կատարելագործել ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը»,-ասված է հիմնավորման մեջ:










